ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 25%-ն այսուհետ պատկանում է Հայաստանի Հանրապետությանը

ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 25%-ն այսուհետ պատկանում է Հայաստանի Հանրապետությանը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 25%-ն այսուհետ պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: ՀՀ կառավարությունը 2021թ. սեպտեմբերի 30-ին ընդունեց ԶՊՄԿ-ի բաժնետեր ռուսական «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության նվիրատվությունը՝ 25% բաժնետոմսերի տեսքով: Ընկերությունը Հայաստանին է նվիրաբերել ԶՊՄԿ-ի կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող 20 հազար դրամ անվանական արժեքով 412,250.75 հատ սովորական բաժնետոմսերը: ՀՀ կառավարության որոշմամբ՝ այդ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին:

Որոշման հիմնավորման մեջ նաև նշված է, որ «Արդյունաբերական ընկերությունը» հանդիսանում էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի՝ 60,0000946% բաժնետոմսերի սեփականատերը: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ԶՊՄԿ-ի իրական սեփականատերերի մասին հայտարարագրում, սակայն, այս ընկերության վերաբերյալ որևէ տեղեկություն չկա: Հայտարարագրում բացահայտված է 10 իրական սեփականատիրոջ անուն: Ընդ որում, ոչ բոլորի բաժնետոմսերի վերաբերյալ կան բաց տվյալներ: Այսպես, ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 12,5%-ը պատկանում է ՌԴ քաղաքացի Միխայիլ Զուրաբովին, 7,5%-ը կրկին ՌԴ քաղաքացի, ԶՊՄկ-ի նախկին գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին, 2,5-ական % բաժնեմաս ունեն Գուրգեն Ամբարյանն ու ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրը՝ Կարեն Հակոբյանը: Ընկերության մնացած 75%-ի վերաբերյալ տեղեկությունը հրապարակված չէ: Որպես բաժնետերեր են ներկայացված Գերմանիայի քաղաքացիներ, ԶՊՄԿ-ի գործադիր տնօրեն Պարագ Յոհանեսը, Թոմաս Պետերը, Մորից Ջհոնաթանը, ՌԴ քաղաքացի Վյաչեսլավ Գայնոչենկոն, պատգամավոր Վահե Հակոբյանն ու Նարեկ Ամբարյանը: Նրանք բոլորը նաև ընկերության խորհրդի անդամներ են: 

Հոկտեմբեր 01, 2021 at 14:44


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր