Նո՞ր ՀԷԿ Ձորագետի վրա

Նո՞ր ՀԷԿ Ձորագետի վրա

«Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ն հերթական անգամ փորձ է անում Ձորագետի վրա ՀԷԿ կառուցել: Ըստ Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքի՝ 2021թ. հոկտեմբերի 21-ին Լոռի Բերդի համայնքապետարանում տեղի կունենա Ագարակ, Լոռի Բերդ, Կողես և Յաղդան բնակավայրերի վարչական տարածքում ՀԷԿ-ի կառուցման աշխատանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային բաց լսումների առաջին փուլը: 

Որևէ տեղեկատվություն ՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ համայնքապետարանի կայքում առկա չէ: Հանրային լսումների առաջին փուլով միայն նախատեսվում է տեղի բնակչության իրազեկում:

Հիշեցնենք, որ «Լոռվա Ամրոց» ՍՊԸ-ն 2020թ. փետրվարին դիմել էր Շրջակա միջավայրի նախարարություն՝ Ձորագետ գետի վրա «Լոռիբերդ-1» և «Լոռիբերդ-2» ՀԷԿ-երի կառուցման և ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար: 

Գործընթացը շարունակություն չի ունեցել, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կայքի ո՛չ ՋԹ-ների, ո՛չ փորձաքննական եզրակացությունների, ո՛չ էլ նախագծերի բաժիններում «Լոռվա ամրոց» ՍՊԸ-ի վերաբերյալ տեղեկատվություն չկա: 

67 կմ երկարություն ունեցող Ձորագետ գետի վրա արդեն իսկ կառուցված է 4 ՓՀԷԿ՝ «Ձորագետ 5», «Ձորագետ 6», «Կաթնառատ» և «ՁորաՀԷԿ»: 

«Էկոլուրի» մոնիտորինգի տվյալներով՝ Ձորագետի վրա կառուցված հիդրոէներգետիկ և հիդրոտեխնիկական կառույցները խոչընդոտում են ձկների միգրացիային: Արդյունքում Դեբեդում բնակվող ձկնատեսակները, որոնց մեծ մասին բնորոշ են սեզոնային միգրացիաները հատկապես բազմացման շրջանում, հնարավորություն չունեն բարձրանալ Ձորագետի հոսանքն ի վեր՝ այստեղ բնակվելու և բազմանալու համար:  

2020թ. փետրվարի 13-ին «Փաստերի ստուգման հարթակի» կայքում հրապարակված «Ձորագետը՝ ՀԷԿ-երի ճիրաններում. ովքե՞ր են հիդրոէլեկտրակայանների սեփականատերերը» վերնագրով հոդվածից տեղեկանում ենք, որ ««Լոռվա Ամրոց» ընկերության բաժնեմասերի 80 տոկոսը պատկանում է Սամվել Հունանյանին, 20 տոկոսը՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանին։ Վերջինս իր բաժնեմասը ձեռք է բերել 2011-ին։ Մինչ այդ ընկերությունում բաժնեմասեր են ունեցել ու օտարել Գերագույն խորհրդի նախկին պատգամավորներ Մեխակ Գաբրիելյանն ու Սմբատ Հակոբյանը (նա եղել է նաև Վազգեն Մանուկյանի օգնականը), 2000-2001 թթ. տրանսպորտի նախարարի պաշտոնը զբաղեցրած Էդուարդ Մադաթյանը (Խուճուճ Էդո) և այլք»։

Հոկտեմբեր 19, 2021 at 17:05


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր