

«Սուլիձոր-3» ՍՊԸ-ն մտադիր է ընդլայնել Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքի Բջնի բնակավայրում գտվող Բջնիի մարմարի հանքավայրի տարածքը ևս 1250 քառակուսի մետրով: 2022թ. հունվարի 21-ին Չարենցավանի համայնքապետարանում տեղի է ունեցել «Սուլիձոր-3» ՍՊԸ-ի՝ Բջնիի մարմարի հանքավայրի «Սուլիձոր» տեղամասի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային առաջին քննարկումը։
Այս հանրային լսումների անցկացման վերաբերյալ համացանցում տեսանյութ էր տարածվել, որի վերաբերյալ հասարակությունն իր դժգոհությունն էր արտահայտել առ այն, թե լսումների անցկացման մասին իրազեկումը լիարժեք չի եղել, իսկ քննարկմանը ազդակիր բնակավայրերի բնակիչները չեն մասնակցել: Հանքավայրի հարևանությամբ է գտնվում նաև Արզական բնակավայրը: Չարենցավանի համայնքապետարանի գլխավոր հողաշինարար Հակոբ Հովսեփյանը «ԷկոԼուրի» հետ զրույցում նշեց, որ հանրային քննարկմանը մասնակցել են նաև ազդակիր Բջնի և Արզական բնակավայրերի վարչական ներկայացուցիչները, համայնքապետարանի աշխատակազմն ու գյուղացիները: Հայտի վերաբերյալ դեռևս տեղեկատվություն առկա չէ, այս քննարկումն առաջինն էր, և նախատեսվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունն «ԷկոԼուրին» հայտնեց Հակոբ Հովսեփյանը: «Հանքի տարածքը բնակավայրից 5 կմ հեռավորության վրա է գտնվում: Ընկերությունն այստեղ արդեն ավելի քան 30 տարի մարմարի հանք է շահագործում: Բոլորն էլ գիտեն, որ հանքը շահագործվում է: Սա նորություն չէ, պարզապես ընկերությունը մտադիր է ընդլայնել իր աշխատանքները: Ներկայում շահագործվող տարածքից մի փոքր վերև 1250 քառակուսի մետր տարածքում աշխատելու նախագիծ է անում: Որևէ գաղտնի բան չկա սրա հետ կապված: Հայտարարությունը եղել է համայնքապետարանի կայքում, ով ցանկացել, եկել է»,- բացատրեց նա: Դիտարկմանը, թե ազդակիր բնակավայրերի շահագրգռված բնակիչների համար խոչընդոտներ կան Չարենցավան հասնելու ու լսումներին մասնակցելու համար, արձագանքեց. «Դե այդ ամենը հաշվի կառնենք: Բայց ստացվում է, որ 4 հանրային լսման փոխարեն 7-8 պետք է կազմակերպենք»:
Հակոբ Հովսեփյանը նաև նշեց, որ հանքի շահագործման տարածքի ընդլայնման դեպքում շրջակա միջավայրի, մասնավորապես՝ ջրային ռեսուրսների վրա որևէ ազդեցության փոփոխություն չի լինի, քանի հարևանությամբ դրանք բացակայում են: «Ես էլ Արզականի բնակիչ եմ: Այդ հանքը մեզ որևէ կերպ չի խանգարում: Այն մեր համայնքի բրենդն է: Եթե նախկինում պայթեցումներ էին անում և աղմուկ կար, ապա հիմա տեխնոլոգիան փոխել են, և որևէ կերպ չի ազդում մեզ վրա: Ջրով են աշխատում մեխանիզմները, ապարները կտրելով հանում են: Արդեն ավելի քան 10 տարի նոր տեխնոլոգիաներով են աշխատում»,- նշեց նա:
Հունվար 26, 2022 at 16:53