Նախարարությունը մերժել է «Ավ Մայնինգի»՝ Լոռու մարզում գունագեղ քարեր և ոսկի որոնելու ծրագիրը

Նախարարությունը մերժել է «Ավ Մայնինգի»՝ Լոռու մարզում գունագեղ քարեր և ոսկի որոնելու ծրագիրը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել «Ավ Մայնինգ» ՍՊԸ-ի՝ Լոռու մարզի Արջիձորի հանքային դաշտի Սնկաձորի գունագեղ քարերի և ոսկու հանքերևակումների սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտին

Որպես մերժման հիմք նախարարությունը բերել է մի քանի պատճառ: Մասնավորապես, բացասական եզրակացության մեջ նշված է.

«Հայցվող տեղամասը հարուստ է ջրային ռեսուրսներով. տարածքում է գտնվում Լոռու սարավանդի ստորերկրյա ջրերի ավազանը, Արջիձորի ոսկու հանքերևակման աջափնյա մասը տեղադրված է Ձորագետի երկու աջ վտակների՝ Արջիձորի և Սնկաձորի ակունքներում, իսկ ձախափնյա մասը գտնվում է Ձորագետի ձախ ափում՝ Սնկաձոր գետակի դիմաց:

Նախնական գնահատման հայտում շրջակա միջավայրի բաղադրիչների՝ մասնավորապես, ջրային ռեսուրսների վրա հնարավոր ազդեցությունները և դրանց մեղմմանն ուղղված միջոցառումները լիարժեք և հիմնավորված չեն ներկայացվել:

Համաձայն Կադաստրի կոմիտեի տվյալների՝ հայցվող տարածքի շրջադարձային կետերի կոորդինատներով պարփակված տարածքի մակերեսը կազմում է 407.5 հա, որտեղ ներառված են նաև անտառային նշանակության թփուտներ և ջրային նպատակային նշանակության հողեր:

Կաթնաղբյուր բնակավայրում 2022թ. հունվարի 20-ին իրականացված հանրային քննարկումներում համայնքի բնակիչները տարակարծիք էին նախատեսվող գործունեության իրականացման հարցի շուրջ, ՀԿ-ների ներկայացուցիչներն ու բնակիչների մի մասը դեմ արտահայտվեցին նախատեսվող գործունեության իրականացմանը՝ ելնելով հանքավայրի հետագա շահագործման և դրա հետևանքով շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցություններից:

Հանրային քննարկումներից հետո «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ է ներկայացվել Ստեփանավան համայնքի ղեկավարի 2022թ. հունվարի 26-ի N87 գրությունը, որում ներկայացվել է Կաթնաղբյուր բնակավայրի բնակիչների հետ իրականացված հարցումների վերաբերյալ Ստեփանավան համայնքի կարծիքը, համաձայն որիէ Արջիձորի հանքային դաշտի Սնկաձորի գունագեղ քարերի և ոսկու հանքերևակումների սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ համայնքը չի կարող տալ դրական կարծիք, քանի որ Կաթնաղբյուր բնակավայրն ունի առանձնահատուկ բնություն և աչքի է ընկնում բնական առողջարար ջրերով, և հեռանկարում նախատեսվում է զարգացնել էկոտուրիզմը:

Կաթնաղբյուրի բնակիչները և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն գրություն են ներկայացրել շրջակա միջավայրի նախարարություն՝ նշելով, որ դեմ են բնակավայրի տարածքում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացմանը, քանի որ ցանկանում են այն պահպանել որպես էկոլոգիական մաքուր, գյուղատնտեսական նշանակության բնակավայր՝ ապահովելով հեռանկարներ գյուղատնտեսության և զբոսաշրջության համար»:

Հավելենք, որ հոնվարի 20-ին կայացած հանրային քննարկումներից անմիջապես հետո Կաթնաղբյուրի բնակիչները նախաձեռնել են ստորագրահավաք՝ բնակավայրում հանքարդյունաբերկանան որևէ գործունեություն իրականացնելուն դեմ հանդես գալով:  

Հիշեցնենք, որ «Ավ Մայնինգ» ընկերությունն այս հայտով նախատեսում էր հետախուզել, գնահատել և հաշվարկել ոսկու և գունագեղ քարերի՝ յաշմա, խալցեդոն, օձաքարեր, պաշարները: 

Փետրվար 02, 2022 at 15:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր