

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի արտադրողականության բարձրացման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտին: Նախարար Հակոբ Սիմիդյանն այն ստորագրել է ս.թ. փետրվարի 2-ին:
Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում մշակվում է Սոթքի ոսկու հանքավայրի հանքաքարը: Շահագործող ռուսական «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն ֆաբրիկայի արտադրողականությունը ներկայիս տարեկան 1.0 միլիոն տոննայից կհասցնի տարեկան 1.75 միլիոն տոննայի: Ոսկու կորզումն իրականացվելու է ֆլոտացման եղանակով: Խտանյութում ոսկու պարունակությունը 40.5 գ/տ է, խտանյութից ոսկու կորզումը 81.0%:
1.75 միլիոն տոննա արտադրողականությամբ աշխատելու դեպքում Արարատի ֆաբրիկայի պոչամբարը կծառայի 5.8 տարի: Իսկ թե ինչ լուծում կտրվի հետո, անորոշ է:
Պոչամբարի նախագծային նիշը 821.00 մ է: Ներկայում պոչամբարը լցված է մինչև 814.50 մ նիշը, որի ծավալը կազմում է 3.82 միլիոն խմ: Պոչամբարի մնացորդային ծավալի նիշը 814.50 մ-ից մինչև 821.00 մ նիշ կազմում է 7.63 միլիոն խմ կամ 10.22 միլիոն տոննա:
Եզրակացության փորձաքննական պահանջներում նշված է, որ մինչև պոչամբարի ծավալի սպառումը և պատնեշի բարձրացումը 821.00 մ նիշ, անհրաժեշտ է իրականացնել գործող պոչամբարի պատնեշի կայունության հաշվարկ, ինչը թույլ կտա ընդունել վերջնական որոշում՝ կապված գործող պոչամբարի պատնեշի բարձրացման կամ հարակից տարածքներում նոր պոչամբարի կառուցման վերաբերյալ: Պոչամբարի ռեկուլտիվացման ծախսերը գնահատվել են 861 120 469 ՀՀ դրամ:
Եզրակացության մեջ նշված է, որ պոչերի վերամշակման նպատակով պոչամբարի հյուսիս-արևելյան կողմում կառուցվել է կցակառույց պոչամբար, որի տարողունակությունը կազմում է 2.3 միլիոն խմ և զբաղեցնում է 32.0 հեկտար տարածք: Պոչամբարը նախատեսված է 2 տարվա աշխատանքի համար՝ 4000 տոննա օրական ելքի և 340 աշխատանքային օրերի դեպքում: Պատվարի նախագծային առավելագույն նիշը կազմում է 812.50 մ, ներկայում պոչերով լցված է մինչև 809.50 մ նիշը: Մնացորդային ծավալը մինչև 812.50 մ նիշը կազմում է 0.69 միլիոն խմ կամ 0.93 միլիոն տոննա:
Փորձաքննական պահանջներից է նաև արտադրական գործըթացում բացառել շրջանառու համակարգից և պոչամբարներից ջրի արտահոսքը բաց ավազան և շրջակա տարածքներ, ներկայացնել շրջակա միջավայրի բաղադրիչների նկատմամբ մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները: Մշտադիտարկումների նմուշառման կետեր նախատեսել նաև ք. Արարատի և գ. Արարատի տարածքներում, յուրաքանչյուրում 4-ական նմուշառման կետերով, և մշտադիտարկումների իրականացման գործընթացներում ապահովել նաև համայնքների շահագրգիռ հանրության մասնակցությունը: Այս առաջարկությունն արել է Արարատ խոշորացված համայնքի ղեկավարը: Ընկերությունը նաև պետք է ապահովի ազդակիր բնակչության համար նախատեսված առողջության ապահովման և սոցիալական ծրագրերի իրականացման հատկացումները և միջոցառումները:
Ըստ եզրակացության՝ գործունեության արդյունքում աղտոտվածությունը շրջակա միջավայրի բաղադրիչների վրա կգտնվի թույլատրելի նորմերի սահմաններում:
Նշենք, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը նաև մտադիր է Սոթքի ոսկու հանքավայրի շահագործումը 2025 թ-ից հետո իրականացնել ստորգետնյա եղանակով: Ընկերությունը համապատասխան հայտը ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն էր ներկայացրել դեռ անցյալ տարվա հոկտեմբերին, սակայն եզրակացություն այս մասով դեռ չկա:
Այս փոփոխությունները պայմանավորված են Արցախյան 2020 թ-ի պատերազմից հետո տեղի ունեցած սահմանազատումների հետ, որի հետևանքով Սոթքի ոսկու հանքավայրի տարածքի մի մասն անցավ ադրբեջանական կողմին: «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, որ այդպիսով փորձում են երկարացնել ձեռնարկության կյանքը:
Հիշեցնենք, որ Հայաստանում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ը բացի Սոթքի ոսկու հանքավայրից և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայից շահագործում է Սյունիքի մարզում գտնվող Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը և կոմբինատը: Իսկ վերջերս ընկերությունը ձեռք է բերել Հայաստանի ամենամեծ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, որի 25 տոկոսը նվիրաբերել է Հայաստանի կառավարությանը: Իսկ ս.թ. հունվարի 5-ին կառավարությունը իր մասնաբաժինը հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը։
Փետրվար 08, 2022 at 14:36