

2021-ին արևային կայաններ կառուցելու նպատակով ՀՀ Արագածոտնի մարզում ներդրումների ծավալը հասել է 15 միլիարդ 200 հազար դրամի: Այս մասին հայտնում է ՀՀ Արագածոտնի մարզպետարանը:
«Արևաշատ Արագածոտնը ուրույն տեղ ունի ՀՀ-ում արագ զարգացող արևային էներգետիկայի ոլորտում: Այն հանրապետության ամենաշատ արևային օրեր ունեցող մարզն է, ուստի ներդրողների հատուկ ուշադրության կենտրոնում է։ 2021-ին ինչպես տեղական, այնպես էլ արտերկրի գործարար կառույցների կողմից զգալի ներդրումներ են իրականացվել արևային էներգետիկայի ոլորտում։ Մասնավորապես, Աշտարակ, Թալին, Կաթնաղբյուր, Արևուտ խոշորացված համայնքների տարբեր բնակավայրերում կառուցվել են 90,1 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայաններ։ Արդյունքում, պլանավորված 11 միլիարդ 650 հազար ՀՀ դրամի փոխարեն 2021թ-ին այս ոլորտում ներդրումների ծավալը հասել է 15 միլիարդ 200 հազար ՀՀ դրամի։ Նշված ներդրումները կատարվել են 6 ՍՊԸ-ների կողմից։
Հավելենք, որ արաբական «Մազդար» ընկերության և ՀՀ կառավարության միջև հաստատվել է համաձայնություն` Թալին համայնքի տարածքում 200 ՄՎտ հզորությամբ արևային կայան կառուցելու հարցում, ինչը ենթադրում է մոտ 320 մլն ԱՄՆ դոլարի ներդրում»,- հայտնում է մարզպետարանը:
Փետրվար 15, 2022 at 12:46