Ջերմոցներ, խաղահրապարակներ, սպորտային խաղադաշտեր, սահադաշտ ու սահքուղիներ. Ինչպիսին կլինի «Ջրվեժ» անտառպարկը վերակառուցումից հետո

Ջերմոցներ, խաղահրապարակներ, սպորտային խաղադաշտեր, սահադաշտ ու սահքուղիներ. Ինչպիսին կլինի «Ջրվեժ» անտառպարկը վերակառուցումից հետո
«Ջրվեժ» անտառպարկում նախատեսվում են ենթակառուցվածքների ստեղծման և մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ լայնամասշտաբ աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը:
 
2021թ. Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից հայտարարված «Ջրվեժ» քաղաքային պարկի» համալիր զարգացման ծրագրի հաղթող «Գլոբալ Պրոեկտ» ՍՊԸ-ն արդեն մշակել է այգու վերակառուցման իր նախագիծը: 
 
Փետրվարի 18-ին ընկերության ներկայացուցիչները Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են «Ջրվեժ» քաղաքային պարկի ապագա կառուցվածքի, արտաքին ձևավորման և մատուցվող ծառայությունների համալիրի նախագիծը։
 
 
Ըստ նախագծի՝ պարկի տարածքում նախատեսվում է կառուցել էկոլոգիապես բնական հումքից մանկական խաղահրապարակներ, սպորտային միջոցառումների կազմակերպման չափանիշներին համապատասխան վազքուղի, ֆուտբոլի, բասկետբոլի և վոլեյբոլի մինի խաղադաշտեր, սքեյթի խաղահրապարակ, ժամանակակից պահանջներին համապատասխան ավտոկայանատեղի։ Նախատեսված են նաև ձմեռային հանգստի կազմակերպման ենթակառուցվածքներ՝ դահուկային երթուղիներ, սահադաշտ, սահքուղիներ։ Լինելու են ջերմոցներ, որտեղ տնկվելու ու աճեցվելու են բույսեր, այդ թվում նաև անտառային ծառատեսակներ։ Նախատեսված են նաև արվեստի գոտի, դասընթացների կազմակերպման գոտի և թեմատիկ այլ անկյուններ։
 
 
«Գլոբալ Պրոեկտ» ՍՊԸ-ից նախարարին վստահեցրել են, որ ճարտարապետական ժամանակակից լուծումները և հորինվածքները հնարավորություն կտան, չվնասելով բնությունը և միջավայրը, ինչպես նաև օգտագործելով արդեն իսկ գոյություն ունեցող կառույցները, ստեղծել ժամանցի լավագույն վայր։
 
Լուսանկարները՝ Շրջակա միջավայրի նախարարության

Փետրվար 21, 2022 at 15:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր