

2023թ-ի հունվարի 1-ից հանքարդյունաբերությանն ազդակիր բնակավայրերը ընդերքօգտագործողների վճարած ռոյալթիից 2%-ի չափով մասհանում կստանան:
Մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Օրենսդրական փոփոխությամբ ռոյալթիից մասհանումը պետք է բաշխվի տվյալ հանքարդյունահանող ընկերության հանքի ազդակիր համայնքի ազդակիր բնակավայրերի և Հայաստանում ռոյալթի վճարող այլ հանքարդյունահանող ընկերությունների կողմից շահագործվող հանքերի ազդակիր բնակավայրերի միջև` 50/50 հարաբերակցությամբ։
Ազդակիր բնակավայրերի ցանկը սահմանելու է լիազոր մարմինը: Նախնական հաշվարկներով դրանք 23-ն են:
Համայնքային մասհանումների ծախսման ծրագրի նախագիծը մշակելու և լիազոր մարմնի հաստատմանն է ներկայացնեու համայնքի ղեկավարը: Ծրագրերի մշակման համար հիմք են ընդունվելու տվյալ մարզի կամ համայնքի զարգացման կամ այլ ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերը՝ առաջնահերթություն տալով ազդակիր բնակավայրի զարգացման ծրագրերին: Ծրագրով նախատեսված միջոցառումների ուղղությունները, դրանց առաջնահերթությունները սահմանելու է ՀՀ կառավարությունը:
Մարտ 24, 2022 at 17:18
