Հայաստանի ջրամբարների լցվածությունը ցածր է՝ չնայած մարտի տեղումներին

Հայաստանի ջրամբարների լցվածությունը ցածր է՝ չնայած մարտի տեղումներին

Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում ջրի լցվածությունը սույն թվականի ապրիլի 19-ի դրությամբ 37.64 միլիոն խմ-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ: Ինչպես հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 13.91 մլն խմ-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.70 մլն խմ-ով, Ազատի ջրամբարում՝ 9.17 մլն խմ-ով, Մարմարիկի ջրամբարում` 0.76 մլն խմ-ով, Ապարանի ջրամբարում՝ 3.10 մլն խմ-ով:

«Դա պայմանավորված է նրանով, որ ապրիլ ամսվա ջերմաստիճանն այս տարի ավելի ցածր է, քան անցյալ տարի, և ձնհալքի ինտենսիվությունն այս տարի ցածր է: Դեռևս լեռնային շրջաններում մենք ունենում ենք բացասական ջերմաստիճաններ և ինտենսիվ ձնհալ տեղի չի ունենում»,- 1-ին լրատվականին հայտնել է ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը:

Միայն առատ ձյունը բավարար չէ ջրամբարի լցվելու համար: Անհրաժեշտ է, որ տեղումներ լինեն, ջերմաստիճանը չնվազի, որպեսզի ձնհալքի արդյունքում առաջացած ջուրը լցվի ջրամբար, հակառակ դեպքում ձնհալքն աստիճանաբար է լինում, իսկ ջուրը ներծծվում է հողի մեջ՝ մակերևութային հոսք չառաջացնելով:

Ապրիլին Հայաստանում տեղումները նորմայից պակաս են ի տարբերություն մարտի: «Այս պահին հանրապետությունում թափվել է տեղումների նորմայի 30-50 տոկոսը, առաջիկա օրերին էլ լուրջ տեղումներ չեն կախատեսվում»,- ասել է ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Այսպիսով կլիմայի քմահաճույքից է կախված, թե արդյոք Հայաստանի ջրամբարները ջրով կլցվեն, թե՝ ոչ: Եթե ջրամբարներում բավարար ջրալցվածություն չունեցանք, կրկին առաջ է գալու Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու հարցը: Նշենք, որ այս տարի Սևանա լճի մակարդակը դեռ շարունակում է զգալիորեն ցածր մնալ նախորդ տարվա մակարդակից:

Ապրիլի 19-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 22 սմ-ով զիջում է նախորդ տարվա նույն օրվա մակարդակին. կազմում է 1900.48 մ, իսկ նախորդ տարի նույն օրը լճի մակարդակը կազմել է 1900.70 մ: Կլիմայի փոփոխությունն իր բացասական ազդեցությունն է թողնում, ոչ միայն ջրամբարների լցվածության առումով, այլև Սևանա լճի էկոհամակարգի վրա: Հավելյալ ջրառները մեծ ճնշում են լճի համար: Լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման համար անհրաժեշտ է, որ Սևանի մակարդակը բարձրանա, ինչ վերջին տարիներին չի հաջողվում:

Լուսանկարում՝ Ազատի ջրամբարը

Ապրիլ 19, 2022 at 20:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր