Լոռու մարզի պարեկները վերջին մի քանի օրում ապօրինի ծառահատման 4 դեպք են բացահայտել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Օգոստոսի 5-ին պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի առաջին վաշտի ծառայողները Վանաձորի Բաղրամյան պողոտայում Վանաձորի 45-ամյա բնակչի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայում մոտ 4 խմ, իսկ ժամեր անց՝ Վահագնի գյուղի 32-ամյա բնակչի վարած «Օպել» մակնիշի մեքենայում շուրջ 1 խմ վառելափայտ են հայտնաբերել։ Վառելափայտի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չէր հայտնաբերվել։
Օգոստոսի 9-ի գիշերը Վանաձորի Շիրակի փողոցում Մարց գյուղի 34-ամյա բնակչի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայում հայտնաբերվել է շուրջ 3,5 խմ վառելափայտ, օգոստոսի 12-ի գիշերը՝ Գյուլագարակ գյուղի սկզբնամասում Վանաձորի 28-ամյա բնակչի կողմից շահագործվող «Ֆորդ Տրանզիտ» մեքենայում՝ 3 խմ փայտանյութ։ Վերջինի վարորդը հայտնաբերվածի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը հավաքել է Եղեգնուտ գյուղի հարակից անտառից։
Մեքենաները տեղափոխվել են պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել են փորձաքննություններ։
Օգոստոս 16, 2022 at 14:23