

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ն իր բաժնետոմսերի 6,875%-ը նվիրել է ՀՀ վարչապետի աշխատակազմին:
Օգոստոսի 24-ին ՀՀ կառավարության որոշմամբ այդ բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձվեցին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ANIF) հավատարմագրային կառավարմանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶՊՄԿ-ն ՀՀ կառավարությանն էր նվիրել բաժնետոմսերի 15%-ը: Այդ բաժնետոմսերը ևս հանձնվել են «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը:
Այսպիսով՝ ԶՊՄԿ-ում ՀՀ կառավարությանը պատկանող բաժնեմասերի մասնաբաժինը կազմում է 21,875%:
Որոշման հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը որպես նվիրատվություն ստացել է ԶՊՄԿ-ում սեփականության իրավունքով «ԱՄՓ» հոլդինգ ՍՊԸ-ին պատկանող 188,947 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսեր, որոնք կազմում են ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,875 տոկոսը: Այդ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում նշեց, որ «ԱՄՓ» հոլդինգ ՍՊԸ-ի կողմից 6,875% բաժնետոմսերը որպես նվիրատվություն այս տարվա մարտին են ստացել: «Ընդունել ենք գաղտնի որոշմամբ, որովհետև նվիրատուն իր կոմերցիոն հարցերի հետ խնդրանք ուներ, որ մենք առայժմ այդ որոշումը չհարապարկենք, որպես կոմերցիոն գաղտնիք պահվի: Երբ այդ անհրաժեշտությունն իրենց կողմից վերացել է, մենք հիմա այդ բանժեմասը նույնպես հանձնում ենք ANIF-ին: ՀՀ կառավարությունն այլևս մարտի 24-ից հետո ունի 21,875% բաժնեմաս: Նման նախընտրական խոստմամբ ես հանդես եմ եկել 2021թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ, և ուրախ եմ արձանագրել, որ այս մի նախընտրական խոստումն ի կատար է ածված: Հույս ունեմ, որ որոշումը կնպաստի հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությանը, ընդհանրապես պետական եկամուտների գեներացմանը և ընդհանուր մեր երկրի զարգացմանը»,- ասաց վարչապետը:
«ԱՄՓ» հոլդինգ ՍՊԸ-ն նախկին «Արմենիան Մոլիդբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ն է, որը հիմնադրվել է ԶՊՄԿ-ի նախկին սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի որդու՝ Վահե Հակոբյանի կողմից:
Օգոստոս 24, 2022 at 15:59
