

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այս օրերին ուսումնասիրում է ջրի սակագինը 9 դրամով բարձրացնելու «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտը: ՀԿԾՀ-ից հայտնում են, որ նախաձեռնել են մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն մտադիր է խմելու ջրի մեկ խմ-ի դիմաց գործող 200,47 դրամի փոխարեն քաղաքացիներից հավաքագրել 209,47 դրամ: Սա այն դեպքում, երբ արդեն իսկ տարեսկզբից ջրի սակագինը բարձրացել էր 20 դրամով: Նշենք, որ 2022թ. հունվարի 1-ից գործող սակագինը չէր փոխվել միայն սոցիալապես անապահով բաժանորդների համար, նրանք շարունակում էին մեկ խմ-ի դիմաց վճարել 180 դրամ:
ՀԿԾՀ-ի հաղորդագրության մեջ նշված է. ««Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 2022թ. օգոստոսի 8-ին ներկայացված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտի ուսումնասիրության շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է ընկերության կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ՝ 2022թ. սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում:
Խմելու ջրի ոլորտում ապօրինի միացումների կամ ապօրինի ջրօգտագործման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տիրապետելու դեպքում կարող եք դրանք տրամադրել Հանձնաժողովին՝ ժամը 10։00-17։00-ն, զանգահարելով հանձնաժողովի (010) 584 529 հեռախոսահամարով: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ցանկության դեպքում կարող եք անձամբ մասնակցել վերը նշված մոնիթորինգին»:
Սեպտեմբեր 05, 2022 at 14:15