Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին (COP 27) ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է՝ մարդկությունը շարժվում է «դեպի կլիմայական դժոխք»։ Նա հորդորել է կանխել իրադարձությունների զարգացումը նման սցենարով և առաջարկել է զարգացած և զարգացող երկրներին կնքել «Կլիմայական համերաշխության պայմանագիր», որը կկանգնեցնի աշխարհում արագ ընթացող գլոբալ տաքացումը։ Միաժամանակ Գուտերեշն ընդգծել է պայմանագրում ԱՄՆ-ի և Չինաստանի մասնակցության անհրաժեշտությունը։
«Մարդկությունն ունի ընտրություն՝ համագործակցել կամ կործանվել: Հարցն այսպես է դրված՝ կամ կլիմայական համերաշխության պայմանագիր, կամ կոլեկտիվ ինքնասպանության պայմանագիր», - զգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ դիմելով համաժողովին հավաքված աշխարհի ավելի քան 100 առաջնորդների:
Անտոնիո Գուտերեշն ընդգծել է՝ կլիմայի փոփոխությունն է մեր ժամանակի գլխավոր մարտահրավերը: «Ժամանակն անցնում է, մենք պայքարում ենք մեր գոյատևման համար, և մենք պարտվում ենք։ Ջերմոցային գազերի արտանետումներն աճում են, իսկ գլոբալ ջերմաստիճանը բարձրանում է: Մեր մոլորակը արագորեն մոտենում է բեկումնային կետին, երբ կլիմայական քաոսը կդառնա անշրջելի, - նշել է Անտոնիո Գուտերեշը, - այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում կնքել պատմական պայմանագիր զարգացած և զարգացող երկրների միջև: Այդ պայմանագրով բոլոր երկրները լրացուցիչ ջանքեր պետք է գործադրեն՝ նվազեցնելու ջորմոցային գազերի արտանետումներն այս տասնամյակում, որպեսզի զսպեն գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 1.5 աստիճան Ցելսիուսի սահմաններում»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ նոր պայմանագրով ավելի հարուստ երկրները և միջազգային ֆինանսական կառույցները պետք է ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերեն զարգացող երկրներին՝ արագացնելու համար նրանց անցումը էներգիայի վերականգնվող աղբյուրներին։ Պայմանագիրը պետք է ներառի դրույթներ հանածո վառելիքից կախվածությունը դադարեցնելու և ածխով աշխատող նոր էլեկտրակայանների կառուցման փուլային դադարեցման մասին, մասնավորապես, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) երկրներում ածուխից փուլային հրաժարման մասին՝ մինչև 2030 թվականը և մյուս բոլոր երկրներում՝ մինչև 2040 թվականը:
Նա կոչ է արել զարգացած երկրներին կատարել 2021 թվականին Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովում տրված խոստումը՝ մինչև 2025 թվականը կրկնապատկել ֆինանսական աջակցությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար:
Նոյեմբեր 08, 2022 at 11:46