Ռազմական բախումներն ու պատերազմական գործողություններն ամենաուղղակի ազդեցությունն են ունենում հողի և օդի աղտոտվածության վրա. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան

Ռազմական բախումներն ու պատերազմական գործողություններն ամենաուղղակի ազդեցությունն են ունենում հողի և օդի աղտոտվածության վրա. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյան

www.president.am

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովին (COP27) ընդառաջ հարցազրույց է տվել Middle East լրատվական գործակալությանը:

Հարցազրույցի ընթացքում նախագահը մասնավորապես անդրադարձել է համաժողովի շրջանակում Եգիպտոսի կողմից նախագահությանը, կլիմայական խնդիրների լուծումներին, այդ համատեքստում Հայաստանի սահմանած առաջնահերթություններին, համաժողովից ակնկալիքներին, ինչպես նաև հայ-եգիպտական հարաբերություններին:

«Համաժողովի նախագահող կողմ լինելով՝ Եգիպտոսը հնարավորություն ունի զարգացած և զարգացող երկրներին միավորել ընդհանուր շահերի շուրջ՝ ստեղծելով առավել բարենպաստ մթնոլորտ հիմնական մարտահրավերները լուծելու համար,- ասել է նախագահ Խաչատուրյանը: -Համաժողովը հնարավորություն է ամբողջ աշխարհի համար գնահատել վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած կլիմայական իրադարձությունները և սերտ համագործակցել՝ հաղթահարելու կլիմայական ճգնաժամը՝ հաշվի առնելով երկրների միջև տարբերակվող ազգային պայմանները և հնարավորությունները։ Համաժողովը նաև հարթակ է խրախուսելու կլիմայական ֆինանսավորումը կանաչ տնտեսական համակարգերի անցման և կլիմայի փոփոխության հարմարվողականության համար, բարձրացնելու զարգացող երկրների իրազեկվածությունը կլիմայական տեխնոլոգիաների վերաբերյալ, ինչպես նաև ավելացնելու գլոբալ կլիմայական հավակնությունները»:

Նախագահը ընդգծել է 27-րդ համաժողովի կարևորությունը նաև այն պատճառով, որ այն կարող է առաջընթաց գրանցել կլիմայի ֆինանսավորման հարցում, մասնավորապես՝ կլիմայի ֆինանսավորման համարժեքությունը և կանխատեսելիությունն առանցքային է Փարիզյան համաձայնագրի նպատակներին հասնելու համար:

Խոսելով միգրացիոն հոսքերի վրա կլիմայի փոփոխության ազդեցության մասին, նախագահը նշել է, որ առավել հաճախակի և տևական դարձած հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները, ինչպիսիք են կարկտահարությունը, վաղ ցրտահարությունը, գարնանային վարարումները, սելավները, սողանքներն ու երաշտը, ամեն տարի իրենց բացասական հետևանքներն են թողնում գյուղատնտեսության վրա և այդ ամենի հանրագումարը նաև իր ազդեցությունն է թողնում միգրացիոն հոսքերի վրա, որոնք ընթանում են ոչ միայն մոտակա բնակավայրերի, այլ նաև մայրցամաքների միջև: Նրա խոսքով՝ ովքեր ապրում են կլիմայապես ավելի հարմար պայմաններով տարածաշրջաններում, հատկապես հյուսիսային տարածաշրջաններում, պետք է տեղավորեն միլիոնավոր միգրանտների՝ միաժամանակ հարմարվելով կլիմայական ճգնաժամի պահանջներին: Նախագահն ընդգծել է, որ ռազմական բախումներն ու պատերազմական գործողություններն ամենաուղղակի ազդեցությունն են ունենում հողի և օդի աղտոտվածության վրա, անմիջական ազդեցությունն են ունենում գյուղատնտեսական նշանակության ցանկատարածությունների, կանաչապատ տարածքների և անտառների վրա: Ասվածի ամենապարզ և ամենավառ օրինակները ռազմական գործողությունների ընթացքում առաջացող լայնամասշտաբ անտառային հրդեհներն են, արկերի պայթյունից՝ հողի և օդի աղտոտվածության բարձրացումը և այլն:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը միջազգային հանրությանը կոչ է արել համատեղել ջանքերը՝ դիմակայելու նմանօրինակ խնդիրներին, քանի որ տարբեր հակամարտությունների և առավել ևս ռազմական բախումների հետևանքները չափազանց մեծ բացասական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի և բնակլիմայական պայմանների վրա, որն ընդգրկում է հակամարտության գոտիները գերազանցող աշխարհագրական մեծ տարածքներ և, իհարկե, քաղաքացիական բնակչությունը: Նրա խոսքով՝ գլոբալ զանգվածային միգրացիան տեղի է ունենում ոչ միայն կլիմայի աննախադեպ փոփոխության, այլ նաև մարդկային ժողովրդագրության փոփոխության ժամանակ և քանի որ ակնկալվում է, որ աշխարհի բնակչությունը կշարունակի աճել առաջիկա տասնամյակների ընթացքում՝ 2060-ականներին հասնելով շուրջ 10 միլիարդի և բնակչության աճի մեծ մասը գրանցվում է արևադարձային շրջաններում, որոնք ամենաշատն են տուժում կլիմայական փոփոխության ազդեցությունից:

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ կլիմայի փոփոխության հարմարվողականության քաղաքականությունը և միջոցառումները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի սոցիալական և տնտեսական զարգացման նպատակներին հասնելու կարողության համար: Կառավարության կողմից 2021 թվականին հաստատված «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը» ուղղորդում է ջանքերը՝ ուղղված ոլորտային և մարզային զարգացման ծրագրերում հարմարվողականության ինտեգրմանը: Ինչպես նաև «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները»:

Հայաստանի կառավարությունը սահմանել է ամբողջ տնտեսության մասշտաբով կլիմայի փոփոխության մեղմման նոր թիրախ․ այն է՝ 2030 թվականին նվազեցնել ջերմոցային գազի արտանետումները 40%-ով 1990 թվականի մակարդակի համեմատ: Հայաստանի ցածր արտանետումների զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը մշակման փուլում է, որի նպատակն է մինչև 2050 թվականը հասնել կլիմայական չեզոքության, որը պայմանավորված է միջազգային ֆինանսական, տեխնոլոգիական և կարողությունների զարգացմանն ուղղված համապատասխան աջակցությամբ:

Անդրադառնալով հայ-եգիպտական հարաբերություններին, նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա և, հետևաբար, դա լավ հիմք է երկու երկրների սերտ և ջերմ հարաբերությունների պահպանման և առավել ամրապնդման համար: Նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ:

Նոյեմբեր 08, 2022 at 12:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր