Սահմանվեցին սնդիկի արտահանման և ներմուծման կարգերը

Սահմանվեցին սնդիկի արտահանման և ներմուծման կարգերը

2022թ. նոյեմբերի 24-ի նիստում ՀՀ կառավարությունն ընդունեց սնդիկի արտահանման և ներմուծման կարգերը սահմանելու մասին որոշում, որով նախատեսվում է կարգավորել ՀՀ տարածքից սնդիկի արտահանման և ՀՀ տարածք սնդիկի ներմուծման գործընթացները։ Մասնավորապես, որոշմամբ արգելվում է ֆիզիկական անձանց (բացառությամբ սնդիկի ներմուծմամբ և արտա­հանմ­ամբ զբաղվող, սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնար­կա­տե­րերի) կողմից սնդիկի արտա­հա­նումը, փոխադրումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետության տարածք:

Ըստ որոշման հիմնավորման՝ «սնդիկ» հասկացությունը վերաբերում է ինչպես տարրական սնդիկին (Hg), այնպես էլ այլ նյութերի հետ սնդիկի խառնուրդներին, այդ թվում` սնդիկի համաձուլվածքներին, որոնցում սնդիկի պարունակությունը կազմում է առնվազն 95 կշռային տոկոս։ Նախագծի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի վնասակար ազդեցությունից, քանի որ սնդիկը և սնդիկի միացությունները խիստ թունավոր են և վնասակար մարդու առողջության և շրջակա միջավայրի համար։

Ըստ հիմնավորման՝ նախագծով սահմանված կարգավորումները և սահմանափակումները աստիճանաբար կհանգեցնեն սնդիկի ներմուծման կրճատմանը, շրջանառությունից դրանց փուլային դուրսբերմանը, ինչպես նաև սնդիկ պարունակող վտանգավոր թափոնների գոյացման կանխարգելմանը, սնդիկի ներմուծման կարգը կհամապատասխանեցվի ՀՀ կողմից 2017թ. վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի պահանջներին:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2023թ. հունվարի 1-ին և կգործի մինչև 2023թ. հուլիսի 1-ը։

Նոյեմբեր 24, 2022 at 15:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր