Սևանա լճի երկարաժամկետ՝ 2050 թվականի ազգային տեսլականի ներկայացումը տեղի ունեցավ սույն թվականի ապրիլի 6-ին։ Այն մշակվել է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) բաղադրիչի շրջանակներում։ Նաև մեկնարկ տրվեց Սևանա լճի երկարաժամկետ ազգային տեսլականին հասնելու ռազմավարության մշակման գործընթացին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը նշել է․ «ԵՄ-ՀՀ համատեղ ջանքերը կարևոր գործոն են EU4Sevan ծրագրի գործունեության հաջողության համար, քանի որևէ դերակատար կամ կազմակերպություն անհատապես չի կարող լուծել Սևանա լճի խնդիրները: Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և պաշտպանության ուղղությամբ համակարգային մոտեցում է պահանջվում: ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի՝ ջրային ռեսուրսներ և բնապահպանական տվյալներ» նախաձեռնությունը և Սևանա լճի վերաբերյալ տեսլականի հետ սիներգիաները կարող են ծառայել որպես հիմք՝ երկարաժամկետ և հետևողական ազգային մոտեցում որդեգրելու համար»։
«Սևանն այսօր բախվել է բազմաթիվ բնապահպանական խնդիրների, և էկոհամակարգի վերականգնումը հրատապ ու կարևոր է՝ հաշվի առնելով երկրի համար դրա ռազմավարական նշանակությունը։ Տեսլականի ընդունումն ու ռազմավարության մշակումը հիմք կհանդիսանան գործնական գործողությունների համար՝ հասնելու Սևանա լճի ազգային տեսլականին և ծրագրի կողմից ձեռք բերված արդյունքների կայունությանը», - նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։
«Մենք ունենք բավարար կամք և ցանկություն՝ դիմակայելու խոչընդոտներին, և պետք է անենք հնարավորինը, որպեսզի վերականգնենք Սևանա լճի կենսապաշարն ու էկոհամակարգը», - ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։
Ապրիլ 10, 2023 at 12:58