Ջերմաչափերն ու բարոմետրերը կարգելվեն. կսահմանվի Հայաստանից արտահանվող և Հայաստան ներմուծվող արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը

Ջերմաչափերն ու բարոմետրերը կարգելվեն. կսահմանվի Հայաստանից արտահանվող և Հայաստան ներմուծվող արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է սահմանել ՀՀ-ից արտահանվող և ՀՀ ներմուծվող արգելված սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը: E-draft.am-ում շրջանառության է դրվել «Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը սահմանելու մասին» նախագիծը: 

Նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության կողմից 2017թ. վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումն ու մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկ և սնդիկի միացություններ պարունակող ապրանքների վնասակար ազդեցությունից։ Ի կատարումն Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների, 2020 թվականից հետո Կոնվենցիան վավերացրած երկրներն արգելում են Կոնվենցիայի Ա հավելվածի I մասում թվարկված սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը, ներկրումը կամ արտահանումը:

Նախագծով նախատեսվում է ներմուծման կամ արտահանման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի համար սահմանել բացառություններ, եթե դրանք անհրաժեշտ են՝ քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների (այդ թվում՝ բժշկական), փորձարկումների, սարքերի չափաբերման և որպես չափանմուշ (էտալոն) օգտագործման նպատակով։

Սնդիկ պարունակող ապրանքների ներմուծման և արտահանման արգելք սահմանելու միջոցով նախատեսվում է այդ ապրանքների փուլային դուրսբերումը շրջանառությունից՝ աստիճանաբար անցում կատարելով այդ ապրանքների գոյություն ունեցող այլընտրանքների օգտագործմանը, որոնք իրենց բաղադրության մեջ չեն պարունակում սնդիկ կամ վտանգավոր այլ նյութ։


Ըստ նախագծի հիմնավորման՝ նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին ազդեցություններից, քանի որ վերջիններս խիստ թունավոր են և վնասակար մարդու առողջության, վայրի բնության և էկոհամակարգերի համար։ «Սնդիկի ներթափանցումը մարդու օրգանիզմ հաճախ տեղի է ունենում դրա գոլորշիների ներշնչման ժամանակ, որոնք հոտ չունեն։ Սնդիկի նույնիսկ փոքր քանակների ազդեցության հետևանքով կարող են առաջանալ առողջական խնդիրներ և ծանր թունավորում։ Սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա։ Սնդիկը և դրա միացությունները հատկապես վտանգավոր են հղի կանանց համար, քանի որ սպառնում են պտղի բնականոն զարգացմանը։ Սնդիկով պայմանավորված սուր թունավորումները կարող են հանգեցնել մահվան։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սնդիկը դիտարկում է այն տասը հիմնական քիմիական նյութերի կամ միացությունների շարքում, որոնք զգալի մտահոգություն են առաջացնում հանրային առողջության համար»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Նշենք, որ Կառավարության 2022թ. դեկտեմբերի 1-ի N1825-Ն որոշմամբ հաստատվել էր ՀՀ արտահանման և ՀՀ ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի (ապրանքների) ցանկը, ինչն ուժի մեջ է մտել 2023թ. հունվարի 1-ից և գործում է մինչև 2023թ. հուլիսի 1-ը։ Ըստ նախագծի՝ արգելքը կերկարաձգվի ևս վեց ամիս ժամկետով. որոշումն ուժի մեջ կմտնի 2023թ. հուլիսի 2-ից և կգործի մինչև 2024թ. հունվարի 2-ը։

Մայիս 25, 2023 at 14:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր