Երևանի ներքաղաքային կոյուղատար համակարգի մոտ 80%-ը փոխարինման կարիք ունի. քաղաքապետարան

Երևանի ներքաղաքային կոյուղատար համակարգի մոտ 80%-ը փոխարինման կարիք ունի. քաղաքապետարան

Երևանի ներքաղաքային կոյուղատար համակարգի երկարությունը կազմում է 1200 կմ, որի մոտ 80%-ն այսօր փոխարինման կարիք ունի: 2020-2022թթ. Երևանում կառուցվել ու վերակառուցվել է 11 կմ կոյուղագիծ ու հեղեղատար համակարգ: Ըստ Երևանի քաղաքապետարանի  հաղորդագրության՝ այս տարի մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել ու վերակառուցել շուրջ 14 կմ երկարությամբ կոյուղագիծ ու հեղեղատար:  Հնամաշ մետաղական խողովակները կփոխարինվեն նոր ու հատուկ պոլիէթիլենային՝ ավելի շատ թողունակությամբ խողովակներով: 

«Այս տարի ծավալային առումով ամենամեծ ծրագրերն ենք իրականացնում: 26 հասցեներում 12 կմ երկարությամբ կոյուղատար համակարգ է վերակառուցվում: Ծրագիրը կազմվել է հաշվի առնելով ցանցի վթարայնությունը, բնակչության պահանջարկը: Երկրորդ ծրագիրն իրականացնում է «Վեոլիա ջուր ընկերությունը՝ 1.4 կմ երկարությամբ՝ 10 հասցեներում»,- նշել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

Ներկայում իրականացվում է Էրեբունու շուրջ 1600 բնակչություն ունեցող Մուշավան թաղամասի 4.6 կմ երկարությամբ կոյուղագծի ցանցի կառուցումը, որի համար ՀՀ կառավարությունը հատկացրել է մոտ 240 միլիոն դրամ: Աշխատանքները նախատեսվում է ավարտել և ցանցը շահագործման հանձնել մինչև տարեվերջ: «Այս գիծը հասնելու է մինչև Աթոյան փողոց: Կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերից է սա: Նպատակ ունենք հետագայում հարակից տարածքների կոյուղագծերը ևս զրոյից կառուցել և միացնել այս ցանցին», - նշել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը:

«Ավելի քան 40 տարի ապրում ենք այստեղ, բայց կոյուղի չունենք ու ստիպված հորեր էինք փորել, այդպես էինք օգտվում: Շատերը առվին էին միացնում։ Տասնամյակներ շարունակ բարձրացրել ենք խնդիրը, բայց այդպես էլ չէր լուծվում»,- նշել են բնակիչները:

Երևանում ընթանում է նաև կոյուղատար համակարգերի վերակառուցում Խաղաղ Դոնի 23 հասցեում գտնվող քաղաքի ամենամեծ շենքում: Տարիներ շարունակ կոյուղաջրերը լցվում էին նկուղներ, բնակիչների տներ: 

 

Հուլիս 11, 2023 at 13:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր