

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» քաղաքականության վերաբերյալ երկխոսության հարթակի երրորդ հանդիպումը: Քննարկմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, շահագրգիռ պետական, մասնավոր և ակադեմիական կառույցների ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։
Միջոցառումը նպատակ ուներ վեր հանելու Հայաստանում մթնոլորտային օդի որակի բարելավման հետ կապված խնդիրները, այդ թվում՝ մթնոլորտային օդի մշտադիտարկման համալիր համակարգի ներդրման անհրաժեշտությունը:
Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ փոխվարչապետ Խաչատրյանը բարձր է գնահատել Կառավարության և միջազգային գործընկերների միջև ձևավորված՝ «Կանաչ Հայաստան» քաղաքականության վերաբերյալ բարձր մակարդակի երկխոսության հարթակի կարևորությունը՝ որպես երկրի կայուն զարգացման օրակարգի առաջմղման կարևոր խթան։ Անդրադառնալով մթնոլորտային օդի մշտադիտարկման համալիր համակարգի ներդրման անհրաժեշտությանը՝ փոխվարչապետը նկատել է․ «Մենք ամեն օր առնչվում ենք մեծածավալ տվյալների հետ, որոնց հավաքագրումը և օգտագործումը որոշումների կայացման գործընթացում չափազանց կարևոր է: Այս տեսանկյունից մթնոլորտային օդի մոնիտորինգի համալիր համակարգի առկայությունը ևս էական նշանակություն ունի: Այն մեզ հասանելիություն կտա ճշգրիտ տվյալների՝ հնարավորություն տալով համակողմանի պատկերացում կազմել ինչպես օդի աղտոտման աղբյուրների, այնպես էլ դրանց բնույթի և ազդեցության վերաբերյալ, ինչն էլ առաջնային է փաստահենք կարգավորումներ մշակելու և թիրախային միջամտություններ իրականացնելու տեսանկյունից»:
Քննարկման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև մթնոլորտային օդի պահպանության՝ բարեփոխված օրենսդրական և քաղաքականության շրջանակի, օդի աղտոտման կետային աղբյուրների կառավարման հետ կապված խնդիրների, ինչպես նաև օդի որակի բարելավման ճանապարհային քարտեզի վերաբերյալ։
Հանդիպման ավարտին Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել բոլոր գործընկերների և շահակիրների ջանքերն ու պատրաստակամությունը` մեկտեղելու իրենց գիտելիքները, փորձն ու ռեսուրսները ի նպաստ «կանաչ» օրակարգի առաջմղմանը:
Հուլիս 13, 2023 at 15:51