2023թ. հուլիսի 15-ին «CEE Bankwatch Network» ՀԿ-ների միջազգային ցանցը հրապարակել է «Արդյո՞ք Երևանն ու Գյումրին կանաչ քաղաքներ են» խորագրով տեսանյութը:
2016թ. Երևանը դարձավ առաջին քաղաքը, որը միացավ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Կանաչ քաղաքներ» ծրագրին, 2018թ. նրան հետևեց Գյումրին: Սակայն մի քանի տարի անց պարզ դարձավ, որ Հայաստանի ամենամեծ քաղաքներում Կանաչ քաղաքների գործողությունների ծրագրերը (GCAP) չեն համապատասխանել օդի որակի բարելավման, կանաչ գոտիների և թափոնների կառավարման նպատակներին:
«CEE Bankwatch Network»-ի աջակցությամբ իրականացված «Եղիր տեղեկացված Երևանում և Գյումրիում Կանաչ քաղաքների պլանների և ծրագրերի մասին» ծրագրի շրջանակներում ԷկոԼուրի կողմից վեր հանված այս բացերը ներկայացված են տեսանյութում:
Մասնավորապես՝ վերջին 5 տարիների ընթացքում մայրաքաղաքում վատթարացել է օդի որակը, մեկ շնչին հասնող կանաչ տարածքը Երևանի կենտրոնում կազմում է 3 քմ, մինչդեռ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված նվազագույն մակերեսը 9 քմ է: Եվ վերջապես՝ Երևանի Նուբարաշենի աղբավայրը չի համապատասխանում սանիտարական թափոնների համար նախատեսված միջազգային չափանիշներին։
Տեսանյութի հիմնական ուղերձն այն է, որ ՎԶԵԲ-ը պետք է հետևողական լինի Կանաչ քաղաքների գործողությունների ծրագրերի իրականացման նկատմամբ և համայնքային զարգացման մասին տեղեկատվությունը հասանելի դարձնի լայն հանրության համար, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններն էլ պետք է որոշումների կայացման գործընթացում ներգրավեն նաև բնակիչներին:
Լուսանկարը՝ CEE Bankwatch Network
Հուլիս 17, 2023 at 12:03