Ինչ ծրագրեր են իրականացվում Հայաստանում՝ ուղղված վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացմանը։ Այս մասին խոսեցին փորձագետները «Կայուն համայնքային էներգետիկ զարգացման» համաժողովի ընթացքում, որի հիմնական լսարանը «Քաղաքապետերի դաշնագրի» համայնքներն էին։
«Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանը խոսեց ծրագրի հիմնական նպատակների և նվաճումների մասին։
Աջակցություն է տրամադրվել Երևան, Ստեփանավան և Ալավերդի համայնքներում էներգետիկ կառավարչի ինստիտուտի կայացման համար։ Հավաքագրվել և մշակվել են Երևանի 300 հասարակական շենքերի էներգետիկ կառավարմանն առնչվող ցուցանիշներ։ 2020-2023 թթ․ ընթացքում 16 համայնքների տրամադրվել է տեխնիկական աջակցություն և համաֆինանսավորում 140 շենքերի ջերմաարդիականացման համար։
«Երևանում լավ արդյունքներ են գրանցվել, և ներկայում ընթացքում է հատուկ առանձնացված ստորաբաժանման ձևավորումը։ Կարողանում ենք համաֆինանսավորել բազմաբնակարան շենքերի ամբողջական ջերմարդիականացման դեպքում 25 տոկոսով, հասարակական շենքերի դեպքում՝ 20 տոկոսով», - ասաց Վահրամ Ջալալյանը։
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի էներգաարդյունավետության քաղաքականության մշակման փորձագետ Աստղինե Պասոյանը ներկայացրեց «Համայնքային էներգետիկ պլանավորման և կառավարման սկզբունքները. վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության լուծումները Գյումրիում» ծրագիրը։
«Ծրագրի արդյունքում Գյումրիում պետք է լինի էներգետիկ ծախսերի հաշվետվություն, տվյալներ, որպեսզի մենք կարողանանք գտնել խնդիրները և ճիշտ դասավորել առաջնահերթությունները։ Դիտարկվել է երկու ոլորտ՝ վերականգնվող էներգետիկա և էներգախնայողություն։ Մշակված միջոցառումները դեռ տեսական են։ Այն, ինչ այսօր հետազոտություն է, պետք է անցնի քաղաքական վալիդացիայի փուլ, համայնքը որոշի՝ ընդունում է, թե՝ ոչ։
Բոլոր համայնքներում կա ինստիտուցիոնալ կարողությունների խնդիր։ Իմանալով ֆինանսների տեղը՝ համայնքների համար խոչընդոտ է ներգրավել դրանք։ Բարդ է աշխատել խոշորացված համայնքների հետ տվյալները հավաքագրելու համար։ Տվյալները կորել են, մենք կորցրել ենք ինստիտուցիոնալ հիշողություն։ Միակ լուծումը կարող էր լիներ, եթե համայնքային հաշվետվությունները լինեին էլեկտրոնային», - նշեց Աստղինե Պասոյանը։
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի էներգաարդյունավետության առաջադրանքի համակարգող Նունե Սաքանյանը ներկայացրեց համայնքներում կարողությունների զարգացման կարիքների գնահատումը և համայնքային կարողությունների զարգացման պլանը։ «Ցանկացած էներգետիկ ծրագիր իրականացնելիս հարկավոր է իրականացնել հաշվարկներ։ Սակայն հարցված 69 համայնքների 72 տոկոսը չունի էներգետիկ տեղեկատվական բազա, 77 տոկոսը չունի էներգետիկ կառավարիչ։
էներգաարդյունավետության միջոցառումների փորձ ունի համայնքների 80 տոկոսը՝ հիմնականում քաղաքային լուսավորության արդիականացման։
Հարցված համայնքների 62 տոկոսն ունի հանրային շենքերում արևային վահանակների տեղադրման փորձ, 43 տոկոսը՝ արևային կայանների, 36 տոկոսը՝ արևային ջրատաքացուցիչների տեղադրման փորձ։ Համայնքների համար հիմնական խոչընդոտներն են սահմանափակ բյուջեն, տվյալների վերլուծության և իրազեկվածության բացերը», - նշեց Նունե Սաքանյանը։
Հուլիս 06, 2023 at 16:15