Սույն թվականի հուլիսի 6-ին ՀՀ կառավարությունը որոշեց «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի շրջանակներում Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված Թալին համայնքի 169.8614 հեկտար հողամասերը հետ վերցնել և 2,074,008,000.00 դրամ արժեքով ներդնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում։
«Հողամասերը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի կողմից ներկայացվել են գնահատման, որի արդյունքում շուկայական արժեքը 15.05.2023թ.-ի դրությամբ կազմել է ընդհանուր 1,879,658,000 դրամ, իսկ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների ընդհանուր գումարը կազմում է 2,074,007,694 դրամ։ Նախագծով նախատեսվում է հողամասերը Ընկերության կանոնադրական կապիտալում ներդնել 2,074,008,000 դրամ արժեքով` հիմքում դնելով շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները։
Ներկայում «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 5,561,145,000 դրամ, որը բաժանված է 5,561,145 հատ հասարակ բաժնետոմսերի, յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով։
Ընկերության կանոնադրական կապիտալը 2,074,008,000 դրամով ավելացնելու դեպքում նոր ձեռք բերվող բաժնետոմսերի քանակը կկազմի 2,074,008 հատ», - նշված է որոշման հիմնավորման մեջ։
Հայաստանում ամենախոշոր՝ 200 Մվտ հզորությամբ «Այգ-1» արևային կայանը կկառուցվի ՀՀ Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Թալին և Դաշտադեմ բնակավայրերի վարչական տարածքում և կզբաղեցնի 547.31 հա հողատարածք: էլեկտրակայանի շահագործումը նախատեսվում է սկսել 2025թ.: «Այգ-1» կայանի կառուցման համար Դաշտադեմ բնակավայրից 377,4 հա (ՀՀ կառավարության 2021թ. հունիսի 18-ի թիվ 1021-Ա որոշում) և Թալինից 169,86 հա արոտավայր (2023թ. մարտի 2-ի Թալին համայնքի ավագանու 28 փետրվարի 2023 թվականի N 11-Ա որոշում) նվիրաբերվել է պետությանը։ Միայն Դաշտադեմի 377.4495 հեկտար հողատարածքի շուկայական արժեքի մոտարկված կադաստրային արժեքը 822 միլիոն դրամ է՝ ըստ ՀՀ կառավարության 2021թ. հունիսի 18-ի թիվ 1021-Ա որոշման:
Հիշեցնենք, որ «Այգ-1» ծրագրի շրջանակներում «Մասդար» ընկերությունը Դաշտադեմ և Թալին համայնքների հետ կնքած նվիրաբերության պայմանագրով իրականացրել է 320 միլիոն դրամի չափով համայնքային զարգացման վճարում։ Եվս 700 միլիոն դրամ գումար համայնքին կհատկացվի պետական բյուջեից՝ այսինքն ՀՀ հարկատուների հաշվին: Այս գումարի մասին նշված է Թալին խոշորացված համայնքի ավագանու՝ 2023 թվականի փետրվարի 28-ի N 11-Ա որոշման հիմնավորման մեջ: Այսպիսով, «Այգ-1» ծրագրից ազդակիր համայնքին հատկացվող սոցիալական աջակցության գումարը կկազմի 1 միլիարդ 20 միլիոն դրամ միանվագ վճարման տեսքով:
Ըստ էության, որպես փոխհատուցում Թալին և Դաշտադեմ բնակավայրերի հողատարածքների դիմաց իրականացվող սոցիալ-տնտեսական զարգացման ներդրումներն անհամարժեք են՝ հաշվի առնելով հողատարածքների կադաստրային արժեքները։
Նշենք, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ունի 15% բաժնեմասնակցություն կայանի կառուցման ծրագիրն իրականացնող է «Մասդար Արմենիա» ընկերությունում։ Բաժնետոմսերի 85%-ը պատկանում են Աբու Դաբիի «Մասդար» ընկերությանը:
ՀՀ կառավարության 2023թ. մայիսի 18-ի թիվ 781-Ն որոշմամբ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։
Հուլիս 06, 2023 at 14:43