

ԷկոԼուր
Հոկտեմբերի 7-ին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են ՀԲ աջակցությամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրով» Արմավիրի մայր ջրանցքի վերականգնման համար իրականացված միջազգային շինարարական մրցույթների արդյունքները։ Հաղթող են ճանաչվել «Եղվարդշին» և «Արփա-Սևան» ԲԲԸ-ները` աշխատանքի համապատասխանաբար 727,147,970 ՀՀ դրամ և 754,597,784 ՀՀ դրամ արժեքներով։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզում կոլեկտորադրենաժային ցանցերի՝ մասնավորապես փակ ցանցի չգործելու հետեւանքով աղակալված է մոտ 5000 հա հողատարածք: Եւ ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնել էր Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը, աղակալումից հողի ամբողջական մաքրման համար անհրաժեշտ է նոր ջրանցք կառուցել, քանի որ հին ջրանցքը սխալ է կառուցված եւ մնացել է անավարտ: Ֆիլտրացիոն պրոցեսների հետեւանքով գարնանը ջուրը բարձրանում եւ դրենացնում է հողերը: Նոր ջրանցքի կառուցումն անհրաժեշտ է, որպեսզի այդ ֆիլտրացիոն պրոցեսները վերանան:
Հոկտեմբեր 13, 2010
