Գուգարքի ոստիկանները սեպտեմբերի 30-ին Շահումյան գյուղի միջնամասում ստուգման են ենթարկել «ԳԱԶ-53» մակնիշի մի մեքենա, որը բեռնված էր մոտ 3,5 խմ փայտանյութով: Վանաձորի բնակիչ, 38-ամյա վարորդը փայտանյութի համար փաստաթուղթ չի ներկայացրել ու հայտնել է, որ մեքենան ու փայտանյութն իրենը չեն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:
Իրավապահները պարզել են, որ մեքենան պատկանում է Շահումյան գյուղի բնակիչ, 69-ամյա մի տղամարդու, իսկ փայտանյութը նրա անձնական օգտագործման համար պատրաստել են` հատելով տարբեր տեսակի և տրամաչափի կանգուն 13 ծառ: Երկուսն էլ ներկայացվել են ոստիկանության Գուգարքի բաժին, բենզասղոցը վերցվել է, իսկ փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն: Հանգամանքերը պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հոկտեմբեր 03, 2023 at 11:27