Վայոց ձորի մարզում վերջին տարիներին սրվել է մարդ-վայրի բնություն կոնֆլիկտը: ՀՀ Կարմիր գրքում գրանցված գորշ արջերը մեծ վնաս են հասցնում գյուղացիական տնտեսություններին, մոտենալով ընդհուպ մինչև բնակելի տներ, սպառնում են մարդկանց անվտանգությանը: Մյուս կողմից էլ սննդի պակասը պատճառ է դարձել, որ գորշ արջը դառնա կարմիրգրքյան մեկ այլ տեսակի՝ բեզոարյան այծի ոչնչացման պատճառ: Խնդիրը հատկապես ակներև է Եղեգիս խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում:
Քարագլուխ բնակավայրի բնակիչն ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ արջերն իրեն տարեկան 200-300 հազար դրամի վնաս են պատճառում: «Սկսում է կեռասից, գիլասից, խնձորից, տանձից, պոպոկից։ Պոպոկի ծառերը ջարդում, թափում է, ուտում են նաև մեղուներին: 3-4 հատով մտնում են իմ այգին։ Խնդիրը բարձրացրել ենք, մեզ ասում են՝ ոչինչ չենք կարող անել։ Եթե մի հատ էլ խփես՝ 8 միլիոն դրամ փող պետք է տաս»,- նշեց նա:
Ըստ գյուղացու՝ գյուղում արջերի կողմից մարդկանց վնասելու դեպքեր էլ են եղել: Խնդրի մասին իրենք բարձրաձայնել են նաև Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ ամռանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ: «Արջն այսօր մարդուց ավելի ակտիվ է մեր տարածաշրջանում: Այսպես մի երեք տարի էլ շարունակվի, ամեն ընտանիքին մի արջ կհասնի: Վերջին 10 տարին արջը սկսեց ակտիվանալ, հիմա տարեցտարի ավելի է ակտիվանում, գարնանը 2-3 քոթոթով իրանց համար քայլում են, մտնում են գյուղի մեջը։ Մի անգամ հազիվ մայրը կարողացել է բակի մեջ փախցնել, երեխուն տունը մտցնել, որ արջը չվնասի»,- ասաց նա։
Եղեգիսի Շատին բնակավայրում նույնպես մարդկանց վնասելու դեպքեր են գրանցվել: Բնակիչներից մեկն ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ արջերի հարձակման հետևանքով գյուղի երկու բնակիչ ամիսներով բուժում են ստացել հիվանդանոցում: Ինչպես Քարագլխում, այնպես էլ այստեղ՝ արջերը գրեթե ամեն օր իջնում են սարերից և մտնում մարդկանց այգիներ, ջարդում ծառերը, բարձրանում պատշգամբներ, սակայն բնակիչներին ավելի շատ ցավ է պատճառում, որ արջերը վնասում և ոչնչացնում են բեզոարյան այծերին:
«10 տարի առաջ հաշվում էինք 80-100 հատ բեզոարյան այծ: Աստիճանաբար սկսեցինք արջերին ավելի հաճախ տեսնել, իսկ այծերին՝ ավելի քիչ: Վերջին շրջանում շատ ենք ականատես լինում, թե ինչպես են արջերը հարձակվում բեզոարյան այծերի նոր ծնված ձագերի վրա, հինգ րոպե է տևում՝ ուտում են ձագերին: Մեզ ավելի մոտիկ գտնվող այծերին փորձել ենք պաշտպանել գոռոցներով, վախեցնելով արջերին: Այս տարի 15-20 այծի ենք ականատես եղել, գլխաքանակը կրճատվում է»,- ասաց բնակիչն ու հավելեց, - «Տարիներ առաջ մեր անտառները հարուստ էին՝ վայրի տանձ, խնձոր, ալոճ: Կարծում եմ՝ 1990-ականներին վառելիքի խնդրի պատճառով անտառները կտրեցին, ու հիմա տարածքում շատ քիչ են վայրի մրգերը, դրա համար էլ ներխուժում են բնակավայր: Ժամը իննից հետո տեսնում ենք արջերին մեր այգում՝ գյուղում մրգի տեսականին շատ է: Նույնիսկ ցերեկն են հայտնվում. դպրոց գնացող երեխան ու այգում աշխատողը տեսնում են, որ արջը մոտակայքում է: Գալիս մտնում են բակեր, հոշոտում են հավերին ու անասուններին՝ գյուղացու ապրուստի հիմնական միջոցը»:
Մյուս կողմից գյուղում գետը դարձել է սակավաջուր, ձուկը վերացել, որը նույնպես սննդի աղբյուր էր արջերի համար. «Գետում ձուկ չկա: Մեր գետերը վերացրեցին, գետը ժամանակին հոսում էր, ձայնը լսում էինք, իսկ հիմա անգամ ջուրը չի պղտորվում, գետ անվանել չի կարելի՝ առու է»:
«Արջերը սննդի պակասից էլ կարող են իջնել գյուղեր: Արջերը իջնում էին Եղեգիս գետ պրոտեինով հարուստ սննդի հետևից, հիմա այնտեղ գրեթե ձուկ, ուտելիք չկա արջի համար: ՀԷԿ-երի կառուցումն ազդցություն ունեցավ մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի առաջացման վրա»,- ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Հայաստան) տնօրեն Կարեն Մանվելյանը:
WWF Հայաստանը «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի շրջանակներում մարդու և գիշատիչ կենդանիների միջև կոնֆլիկտի մեղմացման նպատակով նախատեսում է էլեկտրական հովիվ տրամադրել Եղեգիսի բնակիչներին:
Սեպտեմբեր 11, 2023 at 15:57