ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐԻ ԱՊՕՐԻՆԻ ԽՈՐՔԱՅԻՆ ՀՈՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐԻ ԱՊՕՐԻՆԻ ԽՈՐՔԱՅԻՆ ՀՈՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին Արարատյան դաշտավայրի ապօրինի խորքային հորերի շահագործումը կասեցնելուն վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության, գյուղատնտեսության նախարարները, Արարատի եւ Արմավիրի մարզպետները, ՀՀ գլխավոր դատախազի, ոստիկանապետի տեղակալները, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարը, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, ինչպես նաեւ կառավարության աշխատակազմի եւ ՏԿՆ ներկայացուցիչներ:

Նշվեց, որ դեռեւս ապրիլից ջրօգտագործողներին եւ, հատկապես, ձկնաբուծական ընկերությունների սեփականատերերին տրվել էր անհրաժեշտ ժամանակ եւ ներկայացվել էին տեխնիկական առաջադրանքներ` առկա խորքային հորերի շահագործումն օրինական դաշտ բերելու վերաբերյալ: Սեպտեմբերի 4-ին Արարատի մարզի Հայանիստ համայնքում մարզի ձկնաբուծական տնտեսությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Ա.Գեւորգյանը եւս մեկ անգամ առաջարկել էր շուտափույթ կերպով կատարել ջրօգտագործման թույլտվության փաստաթղթերով սահմանված նորմերի պահանջները եւ պահպանել ջրահեռացման կանոնները:

Խորհրդակցության ընթացքում արձանագրվեց, որ բացառությամբ մեկ-երկու դեպքի, ձկնաբուծական տնտեսություններն այդ ուղղությամբ էական քայլեր չեն կատարել: Որոշվեց ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության, տարածքային կառավարման նախարարությունների եւ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծել մասնագիտացված աշխատանքային խումբ, որը հիմք ընդունելով ՀՀ գլխավոր դատախազության կողմից առաջարկված` ապօրինի խորքային հորերի շահագործումը կասեցնելու ընթացակարգը, անհրաժեշտ միջոցառումներ կիրականացնի: Խորհրդակցության ընթացքում մասնավորապես ընդգծվեց, որ Արարատյան դաշտավայրում ապօրինի խորքային հորեր շահագործողների նկատմամբ կկիրառվեն վարչական եւ անհրաժեշտ, օրենսդրությամբ նախատեսված միջոցառումները ողջ խստությամբ:

Հոկտեմբեր 14, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր