Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն ՀՀ վարչապետին ներկայացրել է 2023 թ․ գործունեության հաշվետվությունը

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն ՀՀ վարչապետին ներկայացրել է 2023 թ․ գործունեության հաշվետվությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի 2023 թ. գործունեության հաշվետվությունը։

Կոմիտեի նախագահի ժ/պ Խաչատուր Խաչիկյանը և նրա տեղակալները ներկայացրել են Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության հարցերը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քաղաքական առումով հետաքրքիր է համարում մոդուլյար ռեակտորների տարբերակը: «Վերջիններիս վթարն ինքը վթարային հակազդման գոտիներ չի պահանջում։ Այսինքն, որ վթար եղավ, մենք հարյուր կիլոմետր շառավղով բնակչությանը պաշտպանելու միջոցներ չենք կիրառելու», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Պատասխանատուները նշել են, որ վթարը դասակարգվում է որպես ներքին վթար. արտաքին վթար հասկացությունն այդ ռեակտորների համար վերանում է:

Խոսելով ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հետագա քայլերի մասին՝ վարչապետը նշել է. «Խոսք էր գնում այն մասին, որ նոր ատոմակայանի ստեղծման համար նախ իրականացնող կազմակերպություն ստեղծենք։ Ինձ թվում է` դա շատ կարևոր է, որովհետև նախ դա ցույց կտա մեր վճռականությունը, որ մենք, իրոք, ոչ միայն խոսում ենք, այլև գնում ենք այդ ուղղությամբ։ Իհարկե, այստեղ, կրկին ինչպես ամեն տեղ, ունենալու ենք ուժեղ կադրային բազա ապահովելու հարցը, որովհետև նոր ատոմակայան կառուցելը մեգանախագիծ է, այդ կազմակերպությունն, ըստ էության, այդ ծրագրի իրականացման գրասենյակ է դառնալու։ Այստեղ մենք պետք է շատ ակտիվ աշխատենք, որպեսզի պատշաճ կադրեր կարողանանք ներգրավել այդ աշխատանքի մեջ»։

Նշվել է, որ շարունակվել են ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման և 2-րդ էներգաբլոկի շահագործման լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարման միջոցառումները: Իրականացվել են ստուգայցեր, ուսումնասիրվել են անվտանգության համար կարևոր համակարգերի մոդիֆիկացիաների ներդրման նախագծային փաստաթղթերը, այդ թվում՝ Սթրես-թեսթի ազգային պլանով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը։ Շարունակվել են սեյսմիկ մոնիթորինգի դիտարկման աշխատանքները՝ օգտագործելով այդ նպատակով ԱԷՄԳ-ից ստացված սեյսմիկ գրանցող սարքերը, որոնք միացված են Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ցանցին։

Զեկուցվել է, որ Կոմիտեն շարունակաբար իրականացնում է իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցում և լիցենզավորում: 2023թ․ առողջապահական, գիտական և արդյունաբերական օբյեկտների կարգավորող վերահսկողության շրջանակում իրականացվել են ստուգայցեր, լիցենզիայի պահանջների կատարման ուսումնասիրություններ, իրականացվել է ռադիոակտիվ աղբյուրների վնասազերծում, տրվել են դրանց անվտանգ տեղափոխման թույլտվություններ և այլն: Ներկայացվել է շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի շրջանակում տարվող աշխատանքը, որն իրականացվում է Եվրոպական միության օժանդակությամբ ներդրված ժամանակակից համակարգերի միջոցով:

Նշվել է, որ պարբերաբար իրականացվում է Ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների օրենսդրության վերանայում՝ հաշվի առնելով ԱԷՄԳ անվտանգության ստանդարտների փոփոխությունները, նոր ստանդարտները, միջազգային և ներքին փորձը։ Հաշվի առնելով Եվրոպական միության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ Կոմիտեն ձեռնամուխ է եղել ՀՀ օրենսդրության մոտարկմանը Եվրամիության դիրեկտիվների։ Առաջին փուլում վերանայվում է «Խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործման մասին օրենքը», որը մշակվել է 1999 թվականին և ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների, երկրորդ փուլում՝ նոր օրենքին համահունչ կվերանայվի և կմշակվի «Ճառագայթային անվտանգության նորմերն ու կանոնները», որով կկարգավորվի ճառագայթային անվտանգությունը։

Ներկայացվել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ իրականցվող տեխնիկական համագործակցության ծրագրերն ու դրանց նպատակները, Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից իրականացված գիտահետազոտական աշխատանքները:

Հունվար 16, 2024 at 16:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր