Մայրաքաղաքում ավելի քան 24 հազար քմ զավթված տարածք վերադարձվել է երևանցիներին. Երևանի քաղաքապետարան

Մայրաքաղաքում ավելի քան 24 հազար քմ զավթված տարածք վերադարձվել է երևանցիներին. Երևանի քաղաքապետարան

Երևան քաղաքում իրականացվում է ապօրինի շինություններով, ցանկապատերով և ավտոտնակներով զավթված տարածքների վերադարձը բնակիչներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 

Ըստ քաղաքապետարանի՝ արդեն իսկ ավելի քան 20 հազար քմ զավթած տարածք է ազատվել Արաբկիրում: Նուբարաշենի մի հասցեում քանդվել է ապօրինի կառուցված 15 ավտոտնակ: Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի 34 և 36 շենքերի զավթված ու սահմանազատված, տասնամյակներով փակ բակային տարածք նույնպես վերադարձվել է բնակիչներին: «Քաղաքապետի հանձնարարականով ամբողջ համայնքում են իրականացվում բացազատման այսպիսի միջոցառումները: Արդեն տասից ավելի հասցեում ազատվել է ավելի քան 4000 քմ տարածք»,- նշել է Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը: Ըստ հաղոդրագրության՝ տարածքում նաև ավելի քան 20 տարի առաջ ապօրինի կառուցված 2 ավտոտնակ է քանդվելու: 

Այս և մյուս հասցեներում քանդման աշխատանքներից հետո տարածքները բարեկարգվելու և կանաչապատվելու են: «Երևանում ապօրինի շինություններ այլևս չեն լինելու. սա քաղաքային իշխանության հստակ դիրքորոշումն է: Համայնքը կնախաձեռնի նաև օրենսդրական փոփոխություններ, որոնք հետագայում կբացառեն զավթումները: Աշխատանքները շարունակական են, իսկ զավթված հանրային բոլոր տարածքները փուլ առ փուլ վերադարձվելու են երևանցիներին: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած ծրագիրը կարևոր է նաև կանաչ ֆոնդի վերականգնման ու ընդլայնման տեսակետից: Նորքի անտառային գոտիներում կառուցապատումն արգելված է, սակայն քաղաքացիներն անգամ այս տարածքում են ժամանակին ինքնակամ շինարարություն արել՝ հետագայում օրինականացնելու հույսով»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Այս աշխատանքներին զուգահեռ իրականացվում է նաև բակային տարածքների բարեկարգում: Մասնավորապես՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2023թ. ընդհանուր առմամբ բարեկարգվել է շուրջ 30 բակ, հիմնանորոգվել է շուրջ 7200 քմ տարածք զբաղեցնող Երևանի Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգին: Այգում տեղադրվել են մարզական սարքեր ու մանկական խաղեր, նստարաններ, աղբամաններ, զրուցատաղավարներ, արդիականացվել են արտաքին լուսավորության ցանցն ու ոռոգման համակարգը:

Հունվար 24, 2024 at 16:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր