Մայրաքաղաքում գարնանային ծառատունկի ընթացքում 50 հազար ծաղկող թուփ, շուրջ կես միլիոն ծաղիկ ու զարդարուն թուփ կտնկվի

Մայրաքաղաքում գարնանային ծառատունկի ընթացքում 50 հազար ծաղկող թուփ, շուրջ կես միլիոն ծաղիկ ու զարդարուն թուփ կտնկվի

Գարնանային ծառատունկի ընթացքում երևանյան շուրջ 20 այգիներում և պուրակներում կիրականացվեն արժեքավոր ծառերով լրացման միջոցառումներ. տնկվելու է 50 հազար ծաղկող թուփ և շուրջ կես միլիոն ծաղիկ ու զարդարուն թուփ: Այս մասին հայտարարվել է ս.թ. փետրվարի 26-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում: 

Ըստ քաղաքապետարանի հաղորդագրության՝ 2024թ. կանաչապատման ոլորտում ծավալուն ծրագրեր կիրականացվեն՝ անտառային գոտիները վերականգնելու և հիմնելու, կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինելու նպատակով: Նախատեսվում է կանաչապատել նաև տասնամյակներ շարունակ անկանոն ու ապօրինի կառուցապատված Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող տարածքը: Մասնավորապես՝ նիստի ժամանակ զեկուցվել է, որ համայնքից զավթված տարածքները կմաքրվեն ապօրինի շինություններից, 26 հա-ում կհիմնվի կանաչ գոտի:  

«Տասնամյակներով մենք նման քաղաքականության հետևանքով Երևանում կորցրել ենք ահռելի ծավալի կանաչապատ տարածքներ, և տարբեր հիմնավորումներով ու արդարացումներով վերջ չի դրվել անկանոն կառուցապատմանը կանաչ տարածքների հաշվին: Արդեն նվազագույնը մեկ-երկու տարի է, ինչ այդ տրամաբանությանը վերջ է դրվում: Երևան համայնքից և, մասնավորապես, կանաչ տարածքներից զավթված հողը  նույնպես գողություն է, այն, ինչը հանրային է, պետք է մնա հանրային, այն, ինչը որ կանաչ տարածք է, պետք է մնա կանաչ տարածք»,- նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Փետրվար 26, 2024 at 16:41


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր