2024 թվականին կմեկնարկի Երևանի նոր աղբավայրի կառուցումը

2024 թվականին կմեկնարկի Երևանի նոր աղբավայրի կառուցումը

2024 թվականին կմեկնարկի Քաղաքային կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը։ Այս մասին նշված է Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրում։

Ըստ փաստաթղթի՝ 1950-ականներին գործարկված 52 հեկտար մակերեսով Նուբարաշենի աղբավայր տարեկան տեղափոխվում է 290-320 հազար տոննա կենցաղային աղբ։ «Աղբավայրն ի սկզբանե չի նախագծվել և կառուցվել որևէ ընդունված ստանդարտով, չի համապատասխանում միջազգային կամ որևէ տեխնիկական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ չափանիշների և բացառապես հանդիսանում է որպես աղբի կուտակման վայր։ Աղբավայրում առկա չէ հիմքի մեկուսացում, հոսքաջրերը հոսում են աղբավայրից դուրս՝ առանց որևէ պաշտպանիչ արգելքների։ Աղբավայրը չունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ հավաքվող աղբն ընդունելու համար, ցանկապատված և առանձնացված չէ։ Նվազագույն ընդունելի շահագործում իրականացնելու համար աղբավայրն ապահովված չէ անհրաժեշտ քանակությամբ և որակի մեքենամեխանիզմներով», - նշված է ծրագրում։

Նշենք, որ Երևանի նոր աղբավայրի կառուցման հարցն օրակարգում է դեռ 2017 թվականից։ Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ նոր աղբավայրի կառուցման համար 26 միլիոն եվրո գումար է հասանելի: 8-ական միլիոն եվրոյի վարկեր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և Եվրոպական ներդրումային բանկից, 8 միլիոն եվրոյի դրամաշնորհ՝ Եվրոպական միությունից և 2 միլիոն եվրոյի դրամաշնորհ Շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից։ Սակայն ծրագիրն այս տարիների ընթացքում չիրագործվեց։ 2023 թվականի ամռանը «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Նորա Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ անհրաժեշտ է ևս 5 միլիոն եվրո: 

Հիշեցնենք, որ 2021 թվականին Նուբարաշենի աղբավայրից հեռացավ ճապոնական «Շիմիձու» ընկերությունը, որը 2009 թվականին Երևանի քաղաքապետարանի հետ կնքեց համաձայնագիր՝ Նուբարաշենի թափոնակուտակիչում կենսագազի հավաքման և այրման ծրագրի իրականացման նպատակով։ Ըստ պայմանագրի՝ մինչև 2023 թվականը նախատեսվում էր իրականացնել 512 հազար տոննա CO2 գազին համարժեք արտանետումների սերտիֆիկացված կրճատում։ Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրում նշված է, որ այս համաձայնագիրը, ճապոնական կողմի միջնորդությամբ, 2021 թվականին դադարեցվել է։  

Երևանի քաղաքապետի 26․01․2022 թ․ 271-Ա որոշմամբ՝ Նուբարաշենի աղբավայրում կենսագազի հավաքման և այրման կայանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ին՝ հետագա շահագործման և պահպանման նպատակով։ 

Փետրվար 16, 2024 at 14:22


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր