Երևանում կտեսակավորեն նաև ալյումինե թափոններ. թղթի, պլաստիկի ու ապակու թափոնամաններին ավելացվում է ևս մեկը

Երևանում կտեսակավորեն նաև ալյումինե թափոններ. թղթի, պլաստիկի ու ապակու թափոնամաններին ավելացվում է ևս մեկը

Երևանում նոր 930 թափոնաման կտեղադրվի՝ պլաստիկի, թղթի, ապակու և ալյումինի տեսակավորման համար: Թափոնամանները մայրաքաղաքին տրամադրվել են «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում: Թափոնամաններից բացի տրամադրվել է նաև երկու կռունկ-բարձիչ բեռնատար մեքենա՝ ապակե թափոնամանների հավաքման ու տեղափոխման համար:

Ծրագրի շրջանակներում Երևանում ակնկալվում է թափոնների հավաքման հասցեները 135-ից հասցնել 300-ի, թափոնամանները՝ 300-ից 1200-ի:

Սույն թվականի փետրվարի 2-ին տեղի ունեցավ Ծրագրի ընդլայնմանը նվիրված սեմինար-քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին քաղաքային թափոնների կառավարման հիմնական մարտահրավերները ու նախաձեռնությունները, ոլորտի մասնագետները կիսվեցին լավագույն փորձով:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը նշեց, որ Ծրագիրը միտված է ոչ միայն թափոնների տեսակավորմանն ու վերամշակմանը, այլև՝ աղբավայր գնացող աղբի քանակը նվազեցնելուն: «Նպատակը վտանգավոր թափոնների կառավարումն է: Եվրամիությունը մեծ ջանքեր է գործադրում կանաչ համաձայնագրի՝ «Green deal»-ի շրջանակներում: Մենք ցանկանում ենք ունենալ ավելի կայուն կյանք, որը չի վնասում շրջակա միջավայրը, դիմակայում է կլիմայի փոփոխության մարտահրավերներին: Այս ծրագրի միջոցով խթանում ենք ջանքերն այս ուղղությամբ»,- ասաց նա:

Ծրագրի թիմի ղեկավար Ռոբերտ Գիրեյկոն ընդգծեց ծրագրի արդյունքում մարդկանց վարքագծում ակնկալվող փոփոխությունը. «Այս միջոցառմամբ մենք նշում ենք Երևանի քաղաքապետարանի թափոնների տեսակավորման և վերամշակման ծրագրի ընդլայնումը: Հայտարարելով «Վերամշակենք միասին» իրազեկման արշավի մեկնարկը՝ խրախուսում ենք քաղաքի բնակիչներին և բիզնեսի ներկայացուցիչներին զբաղվել թափոնների տեսակավորմամբ և աջակցել թղթի, պլաստիկի, ապակու և ալյումինի վերամշակմանը: Մեր նպատակն է բարելավել քաղաքային թափոնների և կենցաղային վտանգավոր թափոնների կառավարման համակարգերը՝ ստեղծելով համապատասխան պայմաններ և խթանելով թափոնների կանխարգելումը, թափոնների տեսակավորումը, վերամշակումը: Թափոնների վերամշակումը բոլորի կողմից ամենահեշտ և կարևոր քայլերից մեկն է իրական շրջանաձև տնտեսության համար»,- նշեց նա:

Ռոբերտ Գիրեյկոն կարևորեց այս գործընթացում հանրային իրազեկման բարձրացումը սոցիալական հարթակներում: Մասնավորապես, նախատեսվում է սոցիալական տեսահոլովակների շրջանառություն հեռուստատեսությամբ:

Ռոբերտ Գիրեյկոն կիսվեց նաև ծրագրի՝ երեք քաղաքներում իրականացված միջոցառումների նպատակների, արդյունքների մասին, նշեց քաղաքներում կանաչ օրակարգի շրջանակում գրանցված հաջողությունների մասին:

Ըստ նրա՝ ծրագիրը կբերի ֆինանսական կայունություն, ինչպես նաև՝ վերամշակումը կնվազեցնի ածխաթթու գազի արտանետումներն ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը: Գիրեյկոն նաև խոսեց ծրագրի շրջանակում իրականացվող կրթական միջոցառումների՝ մասնավորապես դպրոցներում էկոակումբների ստեղծման և այդ ճանապարհով իրազեկման բարձրացման մասին:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը կարևորեց բնապահպանական գիտակցության բարձրացումը. «Քայլ առ քայլ Եվրոմիության համագործակցության՝ Հայաստանի Հանրապետության` մի կողմից և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում բերում ենք այն գիտակցության, որ բնապահպանությունն այսօր օրակարգ է, որը տանում է իր հետևից ֆինանսների համակարգն ու տնտեսական առաջմղումը: Սա նշանակում է բնապահպանական եռամիասնություն՝ ֆինանսների, տնտեսության և շրջակա միջավայրի բոլոր կոմպոնենտների հետ»:

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշեց. «Այս ծրագիրը հանդիսանում է Երևանի թափոնների կառավարման ռազմավարության մաս: Գլոբալ առումով թափոնների կառավարումն ուղղված է բնապահպանական մարտահրավերների մեղմմանը»:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը նշեց. «Երևան քաղաքի բնապահպանական քաղաքականության հիմնական նպատակը մայրաքաղաքի շրջակա միջավայրի պահպանություն ու պաշտպանությունն է՝ քաղաքային տնտեսության առողջ և համաչափ զագացման և բնակչության բարեկեցության ապահովման համար: Քաղաքապետարանը կարևորում է թափոնների կայուն կառավարման հիմնահարցերը շրջանաձև տնտեսության համատեքստում»:  

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն անդրադարձավ Ծրագրի՝ նախորդ տարիներին իրականացված աշխատանքներին ու դրանց արդյունքներին: «Ծրագիրը մեկնարկել ենք 2019-2020թթ.: Այս տարիների ընթացքում ծրագրի իրականացման արդյունքում յուրաքանչյուր տարի 30 տոննա պլաստիկ ու 30 տոննա ապակի, շուրջ 600 տոննա թուղթ պակաս է գնացել բնություն: Թափոնամանների առկա 130 հասցեները հասանելիություն չեն ապահովել Երևան քաղաքի ողջ բնակչությանը: Ստանալով ևս 900 թափոնաման՝ հնարավորություն կունենանք ապահովել հասանելիություն»,- նշեց նա:

Ըստ Արմեն Բեգոյանի՝ թափոնամանների տեղադրման աշխատանքները կմեկնարկեն գարնանը: Իրենց կանխատեսումներով՝ թափոնամանների քանակի ավելացման արդյունքում տարեկան 50 տոննա պլաստիկ, 50-60 տոննա ապակի և 1000 տոննա թուղթ չի գնա բնություն: «Տարեկան մոտ 50 միլիոն դրամ է վաստակել կազմակերպությունը՝ թափոնները հավաքագրելով ու հանձնելով տնտեսվարողներին: Ըստ հաշվարկների՝ հաջորդիվ կկարողանանք այդ թիվը հասցնել 100 միլիոն դրամի»,- ընդգծեց նա:

ԷկոԼուրի հարցին, թե Հայաստանում ալյումինի թափոնների վերամշակում իրականացնող կազմակերպություններ կան՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչության պետ Արմեն Շեկոյանն արձագանքեց. «Ունենք առաջարկներ, որ պատրաստ են ալյումին վերամշակել: Իրենց ենք հանձնելու աճուրդային եղանակով, իրենք էլ վերմաշակելու են»: 

 

Փետրվար 02, 2024 at 18:48


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր