Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ նոր աղբավայրի կառուցման համար 26 միլիոն եվրո գումար է հասանելի: 2023թ. հունիսի 12-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Նորա Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ անհրաժեշտ է ևս 5 միլիոն եվրո:
Նոր աղբավայրը նախատեսվում է կառուցել շուրջ 29 հա տարածքում, և այն պետք է նախագծվի և կառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան: Ըստ Նորա Մարտիրոսյանի՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է իրականացվել: «Հաշվետվությունը պատրաստ է: Այն ներկայացվել է կառավարություն: Ընտրվել է ամենաօպտիմալ տարբերակը, որի վերաբերյալ ուրբաթ օրը տեղյակ ենք պահել կառավարությանը: Իրենց կողմից դրական արձագանքի պարագայում կդիմենք ՎԶԵԲ-ին՝ նախագծման փուլը մեկնարկելու համար»,- նշեց նա:
Ըստ Նորա Մարտիրոսյանի՝ աղբավայրի կառուցման արժեքի վերաբերյալ կառավարությանն առաջարկել են նախագծման փուլի ավարտից հետո անդրադառնալ բյուջեի վերանայման հարցին. «Հնարավոր է որոշակի շեղումներ լինեն»,- նկատեց նա:
Հիշեցնենք, որ 2022թ. սեպտեմբերի 1-ին չեղյալ է համարվել «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում Նուբարաշենի և Աջափնյակի աղբավայրերի փակման և Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցման վերաբերյալ հայտարարված մրցույթը: Այս մասին ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան հայտնել էր Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Ըստ Հրաչյա Սարգսյանի՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացվում է վերոհիշյալ մրցույթի չկայացման պատճառների վերհանման ուսումնասիրություն, ինչպես նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրություն՝ նոր հայտարարվելիք մրցույթի ձևաչափը և չափորոշիչները սահմանելու նպատակով:
«Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» իրականացման համար ՎԶԵԲ-ը տրամադրել է 8 միլիոն եվրոյի վարկ, Եվրոպական ներդրումային բանկը՝ 8 միլիոն եվրոյի վարկ, Եվրոպական միությունը՝ 8 միլիոն եվրոյի դրամաշնորհ, Շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամը (E5P)՝ 2 միլիոն եվրոյի դրամաշնորհ:
Հունիս 12, 2023 at 16:07