Նուբարաշենի աղբավայրում բռնկված կրակի խորքային օջախը մարվել է

Նուբարաշենի աղբավայրում բռնկված կրակի խորքային օջախը մարվել է

2023թ. հունիսի 13-ին Երևանի Նուբարաշենի աղբավայրում բռնկված կրակի խորքային օջախը մարվել է: Այս մասին ԷկոԼուրին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից: «Շինաղբի կուտակման տարածքում թեթև խորքային կրակ է եղել, որը բավական արագ՝ փրկարարական ծառայության օգնությամբ, մարվել է: Տարածման վտանգ չի եղել, քանի որ տարածքը հողապատ էր»,- նշեց Երևանի քաղաքապետարանի Լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը: 

Նշենք, որ հունիսի 13-ին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տարածել էր հաղորդագրություն, ըստ որի՝ Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է: «Հունիսի 13-ին, ժամը 04։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայր չհասած` ավտոշուկայի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նուբարաշենի աղբավայրում։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն»,- նշված էր հաղորդագրության մեջ։

Հունիսի 14-ին հաղորդագրության մեջ արված թարմացման համաձայն՝ ժամը 12։00-ին Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հունիս 14, 2023 at 16:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր