

Հորդառատ անձրևների պատճառով անանցանելի են դարձել դեպի «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:
«Հաշվի առնելով ստեղծված վիճակը՝ Կոմիտեն հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին՝ Վրաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներն առայժմ կազմակերպել «Գոգավան» կամ «Բավրա» պետական սահմանի անցման կետերով։
Միաժամանակ, նշվածով պայմանավորված՝ արդեն իսկ ճանապարհին գտնվող բեռնափոխադրումների մասով Կոմիտեն զերծ կմնա երթուղու չպահպանման համար նախատեսված պատասխանատվության կիրառումից և վարչական վարույթների հարուցումից»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Մայիս 26, 2024 at 12:57
