Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսով: Այս մասին որոշումը գործադիրն ընդունել է 2024թ. մայիսի 30-ի կառավարության նիստում՝ Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից ելնելով:
Ըստ որոշման հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019թ.՝ 2668 տոննա, 2020թ.՝ 2345 տոննա, 2021թ.՝ 5348 տոննա 2022թ.՝ 4700 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում փոքր քանակությամբ ձկան արդյունագործական որսի իրականացում (2020թ.՝ 300 տոննա, 2021թ.՝ 300 տոննա, 2022թ.՝ 600 տոննա, 2023թ.՝ 600 տոննա):
«Սակայն վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում: Համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10 հազար տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավել։ Ելնելով վերոգրյալից կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում դեռևս չունենք այնպիսի վայրի ձկնատեսակ, որի ձկնկիթը ունենա արտադրական նշանակություն, քանի որ դեռ անհրաժեշտ է ձկնատեսակի ծավալների շարունակական ավելացում»,- նշված է հիմնավորման մեջ։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, սիգի կայուն զանգվածի պահպանում, արդյունագործական որսի իրականացում։
Մայիս 30, 2024 at 16:43