Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը 2024թ. Հայաստանում սպիտակ արագիլի հաշվառում կիրականացնի: Այս մասին հայտնում են NABU-ի հայաստանյան մասնաճյուղից։
«Գերմանիայի բնության պահպանության միությունը 1994 թվականից սկսած՝ յուրաքանչյուր 10 տարին մեկ կոորդինացնում է սպիտակ արագիլների միջազգային հաշվառման իրականացումը։ Բազմացող զույգերի հաշվառումը թույլ է տալիս գնահատելու թռչնատեսակի գլոբալ պոպուլյացիան և հավաքագրելու կարևոր տեղեկատվություն վերջինիս պոպուլյացիայի զարգացման վերաբերյալ: Այսպիսով հնարավոր է դառնում վաղ փուլում որոշել, թե որ շրջաններում է սպիտակ արագիլն իրեն զգում «ինչպես տանը», և որտեղ է պահանջվում ավելի մեծ պահպանություն: Հաշվառումն իրականացվում է որոշակի գիտական չափանիշների հիման վրա: Հաշվառման ընթացքում տարանջատվում են՝
- մեկ բույն զբաղեցնող բոլոր զույգերի թիվը,
- չվող ձագերով բույն զբաղեցնող զույգերի թիվը,
- բույն զբաղեցնող զույգերի թիվը, որոնք չունեն չվող ձագեր,
- բույն զբաղեցնող զույգերի թիվը, որոնց ձագերի վերաբերյալ տեղեկատվություն չկա,
- չվող ձագերի ընդհանուր թիվը»,- նշված է հաղորդագրության մեջ։
NABU-ի հայաստանյան մասնաճյուղը 2020 թվականից մեկնարկել է «Սպիտակ արագիլների ուսումնասիրության և պահպանության» ծրագիրը՝ պայմանավորված սպիտակ արագիլների շրջանում աղտոտվածության հիմնախնդրով։ Աշխատանքների շրջանակներում իրականացվել է Արարատյան դաշտում (Արմավիրի և Արարատի մարզեր) թռչնատեսակի հաշվառում, աղտոտածության աստիճանի և արեալի բացահայտում, ինչպես նաև օղակավորման, նմուշառման և արբանյակային տվիչների տեղադրման աշխատանքներ։
Միանալով միջազգային հաշվառմանը՝ կազմակերպությունը հանձն է առնում այս տարի իրականացնելու սպիտակ արագիլի հաշվառում ողջ Հայաստանում։ Հաշվառումներին զուգահեռ կիրականացվեն հետազոտական աշխատանքներ՝ բացահայտելու համար արագիլների աղտոտվածության պատճառները, ուսումնասիրելու նրանց միգրացիան, անկման պատճառները:
Նշենք, որ 2023թ. հաշվառման արդյունքների համաձայն՝ սպիտակ արագիլների աղտոտվածության արեալը նախորդ տարվա համեմատ մեծացել է 59%-ով։
Մայիս 24, 2024 at 14:03