ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ ԳԷՀ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ ԳԷՀ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կարդացեք ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի ասուլիսի վերաբերյալ նյութերը:

10 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ԱՆԱՊԱՏԱՑՈՒՄԻՑ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Քրիստինե Աղալարյան, Հետք

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրվել է համեմատաբար ավելի շատ գումար, քան նախկինում, քանի որ Հայաստանը անապատացման  և հողերի դեգրադացման խնդիր ունի։ Հայաստանը 18 տարվա ընթացքում ԳԷՀ-ից ստացել է 18 մլն դոլար, այս անգամ միայն 2011-15 թթ-ի համար կստանա 10 մլն դոլար:

«Աշխարհում Հայաստանը համարվում է չորային հողեր ունեցող ամենաբարձր ցուցանիշ գրանցած երկիր, տարածքների 98 տոկոսը չոր հողեր են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի գործադիր տնօրեն Մոնիկ Բարբութը։

Նա երկու օր է` Հայաստանում է: Այցի շրջանակներում նախագծվել է Հայաստանի հետ համագործակցության 2011-15թթ.-ի հեռանկարը: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն էլ խոստովանեց, որ Հայաստանին տրամադրված գումարը իրենց սպասվածից ավելին էր:

Այս ավելացումը Մոնիկ Բարբութը բացատրում է նաև մեկ այլ հանգամանքով. ԳԷՀ-ի գումարները սկզբից բաշխվել է հիմնականում հզոր երկրներին, որոնք ավելի ուժեղ ծրագրեր են ներկայացրել, և այդ երկրները թույլ չեն տվել, որպեսզի փոքր ու թույլ զարգացած երկրները ևս իրենց առաջարկությունները ներկայացնեն: Իսկ այժմ յուրաքանչյուր երկրի համար կան նախատեսված հատկացումներ, և փոքր երկրները ևս ծրագիր ներկայացնելու հնարավորություն ունեն. «Այսինքն` որևէ ազդեցություն կամ ճնշում չի գործում»,- ասում է  Մոնիկ Բարբութին:

ՀՀ-ում Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում իրականացվել է շուրջ 17 ծրագիր` մոտ 18 մլն դոլար արժողությամբ: Ստեղծվել է ԳԷՀ-ի հետ համագործակցության հանձնաժողով` միասնական մոտեցումներ և ծրագրերի իրականացման համար: Նախատեսված է մի քանի մեծ ծրագրեր իրականացնել` կապված հողերի դեգրադացիայի, վտանգավոր թափոնների կառավարման և վնասազերծման, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանման ու ընդերքի օգտագործման բնագավառում: Կոնկրետ ծրագրերը դեռ քննարկվում են։

ԳԷՀ-ի ներկայացուցիչներ տարբեր երկրներում չկան, որպես ներկայացուցիչ և պատասխանատու անձ ընտրում է տվյալ երկիրը։ Այս անգամ Արամ Հարությունյանն է ընտրվել որպես ԳԷՀ-ի ներկայացուցիչ։ ԳԷՀ-ի հատկացումները տարեկան կտրվածքով չի տրվելու, այլ կոնկրետ ծրագրերի իրականացման համար։

ԱՌԱՋԻԿԱ ԱՄՍՈՒՄ ՍԵՎԱՆԱԼՃԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔԻՑ ԿԱՊԱՄՈՆՏԱԺՎԵՆ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
News.am


Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը 10 մլն դրամ (մոտ 27 հազ. դոլար) կհատկացնի Հայաստանին` բնապահպանական խնդիրների լուծման համար։  Այս մասին հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ Գումարները կծախսվեն հետեւյալ ուղղություններով՝ կենսաբազմազանության պահպանում, կլիմայի փոփոխություն, վտանգավոր նյութերի եւ թափոնների կառավարում, հողերի դեգրադացիայի կանխարգելում, ինչպես նաեւ՝ Սեւանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանը։

«Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Սեւանա լճի հարակից տարածքից կապամոտաժվեն բոլոր ժամանակավոր շինությունները, իսկ քարե շինությունները կապամոնտաժվեն ավելի ուշ»,- ասաց Ա. Հարությունյանը։

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի գործադիր տնօրեն Մոնիկ Բարբուտին էլ նշեց, որ  իրենց կառույցը գումարներ չի տալիս էկոլոգիական որեւէ խնդրի լուծման համար, եթե նախորդ ծրագրերի արդյունքը տեսանելի չէ։

Տեղեկացնենք, որ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը (ԳԷՀ) անկախ ֆինանսական կազմակերպութուն է, որը հիմնվել է 1991 թ.  եւ նպաստում է Երկիր մոլորակի շրջակա միջավայրի պահպանման գործընթացին՝ իր ֆինանսական միջոցները նպատակաուղղելով գլոբալ բնույթի բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը։ ԳԷՀ-ն այսօր համագործակցում է ավելի քան 180 երկրի հետ։

Հայաստանը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցում է 1994 թվականից։ Ընդհանուր հանրագումարային ֆինանսավորման ծավալը կազմել է մոտ 22 մլն. դոլարի դրամաշնորհ։

ԵՐԵԿ ԵՐԵԿՈՅԱՆ ՏԻԿԻՆ ՄՈՆԻԿՆ ԻՆՁ ԱՍԱՑ, ՈՐ ՍԵՎԱՆԻ ՋՈՒՐԸ ՇԱՏ ՄԱՔՈՒՐ Է. ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Tert.am


Հոկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի գործադիր տնօրեն Մոնիկ Բարբուտը հստակ չպատասխանեց այն հարցին, թե ինչպես է գնահատում Սևանա լճի էկոլոգիական վիճակը։ Փոխարենը այդ հարցին շտապեց պատասխանել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ նշելով. «Երեկ երեկոյան տիկին Մոնիկն ինձ ասաց, որ Սևանի ջուրը շատ մաքուր է»։

Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում արդեն Հայաստան կբերվի ջրի մեջ աշխատող հատուկ տեխնիկա, որի միջոցով Սևանա լիճը կմաքրվի ջրում հայտնված ծառերն ու թփերը կմաքրվեն

Արդեն ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով, որը լճի ափամերձ հատվածի 520 շենք-շինություններից յուրաքանչյուրի վիճակի վերաբերյալ ուսումնասիրություն կիրականացնի։

«Առաջնահերթ որոշվել էր ապամոնտաժել «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող շինությունները, որոնց թիվը 30-ն է։ Արդեն 8-10 ժամանակավոր տնակ ապամոնտաժվել է: Առաջիկա 1-1.5 ամսում ժամանակավոր տնակների ապամոնտաժման հարցը կլուծվի, իսկ քարե շենքերի ապամոնտաժումը ժամանակ է պահանջում»,- ընդգծեց Արամ Հարությունյանը։

ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՈՒՄ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՈՐԵՎԷ ՎՏԱՆԳ ՉԿԱ
Քրիստինե Աղալարյան, Հետք


Պատասխանելով «Հետքի» հարցին՝ վստահեցրեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ Նախարարի խոսքերով, միակ բացասական երևույթն այն է, որ գերեզմանոցը սողանքային գոտում է, որը կարող է ապագայում բարդ խնդիրների առաջ կանգնեցնել։

Մեր մյուս հարցին, թե «ինչ են պարզել ուսումնասիրությունները, որոնք պետք է իրականացվեին շրջակա միջավայրում և ջրում, որպեսզի պարզեին բնությանը հասցված վնասները», Արամ Հարությունյանը դժվարացավ հստակ պատասխան տալ, քանի որ ուսումնասիրությունները պետք է իրականացներ ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Մեր կողմից որոշակի ուսումնասիրություններ իրականացվել է մեր լաբորատորիաների և հնարավորությունների սահմաններում։ Այնտեղ որոշակի գերազանցում կար, բայց դա վտանգավոր աստիճանի չէր»,- հավելեց նախարարը։

Արամ Հարությունյանը հիշեցրեց, որ կառավարությունը՝ որպես հրատապ միջոց, ցանկապատել և կոնսերվացրել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը և հանձնել ոստիկանության հսկողությանը։ Վարչապետը հանձնարարել էր ՀՀ ԲՆ, ԱԻՆ և գյուղատնտնեսության նախարարությանը՝ մշակել հայեցակարգ՝ ներառելով մոտեցումները, թե ինչպես պետք է լուծել թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրը՝ պահպանել, տեղափոխել, թե ոչնչացնել։ Հայեցակարգն արդեն պատրաստ է և ներկայացվել է կառավարությանը։ Առաջիկայում՝ 1-2 շաբաթների ընթացքում, հայեցակարգը վարչապետի մոտ կքննարկվի և կընտրվի առավել արդյունավետ ու վերջնական տարբերակը։

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի շրջանակներում, որը 2011-15թթ-ի համար Հայաստանին տրամադրել է 10 մլն դոլար, ևս հարցը բարձրացվել է, կա որոշակի դրական պատասխան. «Տիկին Մոնիկը մեզ առաջարկել է, որպեսզի առաջին հերթին մենք ուենանք մեր գործողությունների պլանը, որոշենք, թե ինչ գործողություններ ենք պատրաստվում իրականացնել և ինչ ձևով ու ինչ կարգով, այդ ժամանակ էլ կորոշվի ԳԷ իմնադրամի մասնակցությունը»,- պարզաբանեց նախարարը։

Հարցին, թե իչպիսին է նախարարի կարծիքը հարցի վերջնական լուծման վերաբերյալ, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Մեր կարծիքը դեռևս չենք ձևավորել, որովհետև պետք է տանք դրա գնահատականը՝ ինչ տեխնոլոգիայով ենք դա իրականացնելու՝ վառարանների միջոցով, ինչպիսի ջերմաստիճանում և այլն։ Այսինքն՝ դա ավելի շատ մասնագիտական խնդիր է, և մենք այս պահին դեռևս հանրության համար անհրաժեշտ ինֆորմացիա չունենք, որպեսզի հայտարարենք, որ կանգնել ենք այս տարբերակի վրա»։

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՌԱՓՆՅԱ ՄՈՏ 10 ՏՆԱԿ ԱՐԴԵՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՎԵԼ Է
Քրիստինե Աղալարյան, Հետք


«Սևան ազգային պարկի» ափամերձ տարածքի շենքերի և ժամանակավոր կառույցների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են: 30 նմանատիպ կառույցներից 8-10 ժամանակավոր տնակ արդեն ապամոնտաժվել է։ Երկուսի ապամոնտաժմանը մասնակից է եղել նաև ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և տարածքային կառավարման նախարար Արմեն Գևոգյանը։

Արամ Հարությունյանն այսօր կայացած ասուլիսում տեղեկացրեց, որ առաջիկա 1-1,5 ամսվա ընթացքում ապամոնտաժվելու են բոլոր ժամանակավոր կառույցները, իսկ քարից կառուցված շենքերի հարցը Արամ Հարությունյանը «ժամանակավոր խնդիր» համարեց, որոնք, սակայն, նույնպես ապամոնտաժվելու են։

«Մեր քաղաքականությունը կայանում է նրանում, որ առաջին հերթին պետական կառույցները պետք է իրականացնեն այն բոլոր ապամոնտաժման աշխատանքները, որը խոչընդոտ է դառնալու ջրի բարձրացման հետևանքով»,- նշեց նախարարը։

Սևանա լճում իրականացվող մաքրման միջոցառումների շարքում Արամ Հարությունյանը նշեց, որ ձեռնարկել են երկու տիպի միջոցառումներ՝ «մաստեր կլաս» մեքենաների ներկրումը Հայաստան։ 20 օր է՝ այդ մեքենաները ճանապարհվել են Հայաստան, և տեխնիկան ստանալուն պես սկսվելու են առափնյա տարածքների, ջրի մաքրման աշխատանքները։

Արամ Հարությունյանը «Սևան ազգային պարկի» խորհրդի առաջարկությամբ երեկ հրաման է ստորագրել, համաձայն որի՝ 520 շենք-շինությունները, որոնք հայտնվել են ջրի ծածկույթի տարածքներում, ուսումնասիրվեն, ինչպես նաև դրանց վերաբերյալ պետք է եզրակացություններ ներկայացվեն:

Հոկտեմբեր 21, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր