ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ Է ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է մարզերում ծանոթանալ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ»-ի ծրագրերի շրջանակում ջրային համակարգի ենթակառուցվածքների վերականգնման ընթացքին: Հոկտեմբերի 25-ին նա ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլ. Մովսիսյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի, «Հայջրնախագիծ» ՓԲԸ տնօրեն Յու. Ջավադյանի, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանի, ինչպես նաեւ մարզպետարանի աշխատակիցների, համայնքապետերի, շինաշխատանքներն իրականացնող եւ դրանց ընթացքը վերահսկող ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ ծանոթացավ Մարտունու եւ Զոլաքարի պոմպակայանների վերականգնման եւ վերազինման աշխատանքների ընթացքին:

Զոլաքարի պոմպակայանի վերականգնման եւ վերազինման ծրագրի համար հատկացումների ծավալը կազմում է 3,2 մլն, իսկ Մարտունու պոմպակայանի համար` մոտ 2 մլն դոլար: Աշխատանքները մեկնարկել են այս տարի հունիսին եւ նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ 2011թ. հունիսի 1-ը: Սեւանա լճի մակարդակի բարձրացման պատճառով պոմպակայաններին ջրածածկում էր սպառնում, դրանց ամբողջությամբ վերականգնումն արդեն հնարավորություն կտա անխափան ջրամատակարարում ապահովել:

Ընդգծելով աշխատանքների` որակով եւ ժամանակին իրականացումը` փոխվարչապետը հատուկ անդրադարձավ պոմպակայանների վերականգնման հրատապությանը` դա կարեւորելով ինչպես ոռոգման շրջանի անխափան կազմակերպման, այնպես էլ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից ակնկալվող տեմպերի ապահովման տեսանկյունից: Նշվեց, որ աշխատանքների բարեխղճորեն իրականացումը հնարավոր խնայողությունները մյուս պոմպակայանների վերակառուցմանն ուղղելու նախադրյալներ կստեղծի:

Փոխվարչապետը մեկ անգամ եւս նշեց, որ կառավարությունը հետեւողական ուշադրություն է դարձնելու ՀՄՀ-ի կողմից իրականացվող ծրագրերին եւ կարեւորեց տեղական ու տարածքային իշխանությունների, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ուշադրությունն ու աջակցությունը իրականացվող ծրագրերին:

Հոկտեմբեր 27, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր