

Նելլի Դանիելյան, «Երկիր Մեդիա» TV
Բնապահպանության նախարարությունը հրապարակել է «Շրջակա միջավայրի պահպանության գործողությունների» ազգային երկրորդ ծրագիրը: Այն վերաբերում է առաջիկա 5 տարիներին եւ, ոլորտի պատասխանատուների հավաստմամբ, ներառում է կայուն զարգացման բոլոր անհրաժեշտ բաղադրիչները: Ի դեպ, ծրագրի հիմքում տնտեսական աճն է, որը ճգնաժամային ներկա իրավիճակում կասկածի տակ է դնում դրա արդյունավետությունը: Տնտեսական ճգնաժամի ազդեցությանը վերաբերող զրույցում նախարարին զարմացրել է լրագրողների հայտնած տեղեկությունը, թե դրա հետեւանքով մեր երկրում արդեն մի քանի 100 մարդ ազատվել է աշխատանքից:
Շրջակա միջավայրի պահպանության գործողությունների 2-րդ ազգային ծրագիրը կառավարության հավանությանն է արժանացել օգոստոսին, եւ հիմնված է տնտեսական զարգացման այդ ժամանակահատվածի ցուցանիշների ու կանխատեսումների վրա: Սակայն, սեպտեմբերին ծայր առած համաշխարհային տնտեսական ճգնաժամը եւ մեր երկրում դրա արձագանքները այնտեղ արտացոլված չեն։ Ավելին՝ փաստաթուղթը արձանագրում է. «նկատվում է իրական աշխատավարձերի, վարկավորման ծավալների աճ եւ դրամական փոխանցումների մեծ ներհոսք»: Հակառակ այլ երկրների, բնապահպանության մեր նախարարին, իրավիճակը չի անհանգստացնում:
Արամ Հարությունյան, ԲՆ. «Այն ֆինանսական ճգնաժամը, որ վերածվեց տնտեսականի, կարծում եմ, որ էապես չի ազդելու եւ մեզ կհաջողվի բարձր արդյունքներ ապահովել»:
Ի դեպ, ներկայացված ծրագիրն այս ոլորտում արդեն երկրորդն է, առաջինը մշակվել է 1998-ին եւ իրականացվել նախորդ 5 տարիների ընթացքում: Թե որքանով է կատարվել նախորդը եւ ինչ կիսատ գործեր է դրանից ժառանգել նոր ծրագիրը, Արամ Հարությունյանը չցանկացավ մանրամասնել:
«Կան ծրագրեր, որոնք հնարավոր է, որ 100 տոկոսով չեն կատարվել: Այս հարցը մանրամասն հարկավոր է մասնագիտական դաշտում դիտարկել»,- ասաց Արամ Հարությունյանը:
Նախորդ ծրագրի կատարողականին նվիրված բաժնում եւս բացակայում է կատարվածի գնահատականը։ Ձեւակերպումը սովորական է՝ եղել են բացթողումներ եւ թերացումներ։
Ապագայում եւս առաջնահերթություն է համարվել Սեւանի պահպանման խնդիրը: Չեն շրջանցվել նաեւ հողին, ընդերքին, վնասակար նյութերին եւ թափոններին առնչվող խնդիրները: Ի դեպ, մեծ տեղ է հատկացվել նաեւ տեղեկատվության ազատության խնդրին: Օգտվելով առիթից՝ անձամբ նախարարից փորձեցինք ճշտել, թե որքանով են իրականությանը համապատասխանում առանց իր թույլտվության տեղեկատվություն չտրամադրելու հրահանգին վերաբերող լուրերը: Արամ Հարությունյանը պատասխանեց. «Իսկապես, կա նախարարի հանձնարարական, որպեսզի այդ տրամադրվող ինֆորմացիան անպայման ճշտվի, որովհետեւ մենք գործ ունենք հանրության հետ»:
Վերադառնալով, Շրջակա միջավայրի պահպանության գործողությունների 2-րդ ազգային ծրագրին` նշենք, որ ոլորտի պատասխանատուների հավաստմամբ, փաստաթուղթը քարացած չէ եւ որ իրավիճակից կախված կարող է փոփոխվել:
Դեկտեմբեր 22, 2008
