

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել Աստանայում անցկացվող ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովում:
ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանն արդեն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ հետևանքներին, այն դեպքում, երբ համաշխարհային ջերմոցային գազերի արտանետումներին մեր ներդրումը կազմում է ընդամենը մոտ 0.02%։ «Վերջին տասնամյակների ընթացքում երկրում միջին ջերմաստիճանը բարձրացել է ավելի քան 1 աստիճան Ցելսիուսով և կանխատեսվում է, որ մինչև դարի կեսը կշարունակի աճել։ Կլիմայի փոփոխությունը հանգեցրել է առավել ծայրահեղ եղանակային երևույթների, ինչպիսիք են ջրհեղեղներն ու ջերմային ալիքները, որոնք առաջացնում են զգալի տնտեսական կորուստներ և սպառնում կենսապահովմանը։
Տեղումների նվազումը և սառցադաշտերի նահանջը նպաստում են ջրային ռեսուրսների սակավությանը։ Քաղցրահամ ջրի հասանելիությունը գնալով ավելի մեծ ճնշման տակ է հայտնվում, հատկապես գյուղական համայնքներում։ Ջրի սակավությունը սպառնում է խոցելի լեռնային էկոհամակարգերին, ազդում գյուղատնտեսության վրա և ընդհանուր առմամբ՝ մեր բնակչության բարեկեցության վրա:
Այս համատեքստում մենք ողջունում ենք Ղազախստանի նախաձեռնությունը՝ միջազգային գործընկերների հետ խորհրդակցություններ անցկացնելու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման նպատակով համագործակցությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Հայաստանը ակտիվորեն կմասնակցի այդ խորհրդակցություններին։
Հայաստանը ցուցաբերում է պատասխանատվության բարձր զգացում և հանձնառություն՝ նպաստելու գլոբալ կլիմայական գործողություններին։ Մենք սահմանել ենք հավակնոտ նպատակներ՝ մինչև 2035 թվականը ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու 44%-ով՝ 1990 թվականի մակարդակի համեմատ՝ ներքին ջանքերի շնորհիվ, և մինչև 52%-ով՝ միջազգային աջակցության դեպքում։
Հայաստանը ստանձնում է այս պարտավորությունները՝ լիովին գիտակցելով իր ազգային հնարավորությունները և միջազգային համագործակցության կարևորությունը կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության առաջխաղացման գործում՝ առաջնորդվելով հավասարության և ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությունների սկզբունքով։
Ջերմաստիճանի բարձրացումը կենսաբազմազանության կորստի հիմնական գործոններից է՝ ազդելով աշխարհի եզակի էկոհամակարգերի և էնդեմիկ տեսակների վրա՝ ունենալով խոր ազդեցություն մարդու առողջության, պարենային անվտանգության և տնտեսության վրա։ Հետևաբար չափազանց կարևոր է ընդլայնել գլոբալ ջանքերը կենսաբազմազանության պահպանության և կայուն օգտագործման ուղղությամբ», - ասել է ՀՀ նախագահը։
2026 թվականին Հայաստանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նիստը`COP17-ը։
«Սա արտացոլում է մեր փոքր երկրի ուժեղ հանձնառությունը՝ նպաստելու բնության պահպանության գլոբալ ջանքերին։ Հայաստանը անհամբերությամբ սպասում է այս տարվա հոկտեմբերին Երևանում ձեզ բոլորիդ ընդունելուն COP17-ի շրջանակում՝ գնահատելու մեր առաջընթացը և բացահայտելու ուղիներ՝ արագացնելու շրջակա միջավայրի վերականգնման և պաշտպանության ջանքերը ներկա և ապագա սերունդների համար։
Միջազգային համագործակցությունը, ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացումը, փորձի և տեխնոլոգիաների փոխանակումը շարունակում են մնալ առանցքային՝ փոխկապակցված էկոլոգիական խնդիրներին դիմակայելու, կլիմայական կայունությունն ուժեղացնելու, կայուն գյուղատնտեսությանը և պարենային անվտանգությանը աջակցելու, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը խթանելու համար։
Հայաստանը պատրաստ է համագործակցել իր տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ, կիսվել մեր փորձով և սովորել մյուսներից։ Միասին մենք կարող ենք պաշտպանել մեր Երկիր մոլորակը և ապահովել մեր հասարակությունների երկարաժամկետ կայունությունն ու բարեկեցությունը», - ասել է Վահագն Խաչատուրյանը:
Ապրիլ 22, 2026 at 17:54
