

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությունն ամփոփել է Երևանում կայացած ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) արդյունքները:
Քարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն՝ համաշխարհային նպատակների իրականացման ճանապարհի կեսին երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ ընդունելով շուրջ 50 որոշում, որոնք ուղղված են գիտական հիմքերի ամրապնդմանը, իրականացմանն աջակցելուն և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունների արագացմանը։
Հաղորդագրության մեջ նշված է.
«2026 թվականի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովն ավարտեց իր աշխատանքները՝ ընդունելով որոշումների համապարփակ փաթեթ, որը նպաստում է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) շրջանակում գիտական, տեխնիկական և իրականացմանն առնչվող հարցերի շուրջ աշխատանքների առաջմղմանը։
Համաժողովի կարևորագույն արդյունքներից մեկը «Երևանյան ուղի» նախաձեռնության (Yerevan Pathway) ընդունումն է։ Այն համաձայնեցված արձագանքն է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) իրականացման ուղղությամբ գրանցված հավաքական առաջընթացի առաջին գնահատման արդյունքներին։
Համաժողովի շրջանակում տեղի ունեցան Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP 17), ինչպես նաև Կենսաանվտանգության մասին Կարթագենայի արձանագրության և Գենետիկական ռեսուրսների հասանելիության ու դրանց օգտագործումից բխող օգուտների արդարացի և հավասար բաշխման մասին Նագոյայի արձանագրության կողմերի հանդիպումները։
COP17-ի շրջանակում իրականացված գլոբալ գնահատումը նպատակ ուներ ամփոփելու արձանագրված առաջընթացը և հիմնված է «Կենսաբազմազանության ոլորտում գործողությունների վիճակի մասին» (State of Biodiversity Action) զեկույցում ներկայացված և համադրված փաստական տվյալների վրա։ Զեկույցը հրապարակվել է համաժողովից կարճ ժամանակ առաջ։
Գնահատելով գլոբալ առաջընթացը՝ զեկույցը եզրակացրել է, որ աշխարհը դեռևս շեղված է Շրջանակով սահմանված 23 թիրախներին մինչև 2030 թվականը հասնելու ուղուց։
«Երևանյան ուղին» սահմանում է այս եզրակացություններին ուղղված համատեղ արձագանքը՝ նախանշելով մինչև 2030 թվականը գործողությունների առաջնահերթությունները և այն ոլորտները, որտեղ անհրաժեշտ է էապես արագացնել առաջընթացը։
Դրանց թվում են բնությանը վնաս հասցնող սուբսիդիաների և խթանների վերանայումը, զարգացող երկրներին ցուցաբերվող ֆինանսական, գիտական և տեխնիկական աջակցության ընդլայնումը, ազգային բյուջեների և տնտեսական որոշումների համապատասխանեցումը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին, ինչպես նաև իրականացման, մշտադիտարկման, հաշվետվողականության և վերանայման մեխանիզմների ամրապնդումը։
Համաժողովը մեկտեղեց բանակցությունների արդյունքում համաձայնեցված որոշումները, ֆինանսավորման նոր պարտավորություններն ու նախաձեռնությունները, ինչպես նաև պետական կառավարման համակարգի և հասարակության տարբեր շրջանակների գործողությունները։ Դրանով իսկ այն նպաստեց իրականացման խոչընդոտների հաղթահարմանը, բնության պահպանության ֆինանսավորման բացը կրճատելու նպատակով անհրաժեշտ ռեսուրսների մոբիլիզացմանը և այն նախադրյալների ամրապնդմանը, որոնք անհրաժեշտ են գլոբալ մակարդակով ստանձնած հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածելու համար։
«Այս երկու շաբաթների ընթացքում մենք ցույց տվեցինք, որ հնարավոր է հաղթահարել տարաձայնությունները, հանձնառությունները վերածել որոշումների, իսկ համագործակցության միջոցով հասնել շոշափելի արդյունքների, - նշել է COP17-ի նախագահ Համբարձում Մաթևոսյանը, - ընդունելով «Երևանյան ուղին»՝ մենք վերահաստատում ենք մեր հավաքական վճռականությունը՝ արձագանքելու մեր ժամանակների ամենահրատապ մարտահրավերներից մեկին։ Այն սահմանում է համատեղ գործողությունների առաջնահերթությունները՝ ազգային ծրագրերի իրականացումից և ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիայից մինչև գիտական ներուժի, մշտադիտարկման համակարգերի և հասարակության բոլոր հատվածների մասնակցության ամրապնդում»։
COP17-ի ընթացքում բանակցությունների արդյունքում համաձայնեցվեցին նաև մի շարք որոշումներ կենսաբազմազանության պահպանությանն առնչվող կարևոր գիտական հարցերի վերաբերյալ։ Դրանք ներառում էին պահպանվող տարածքների և անտառային կենսաբազմազանության, վայրի բնության կայուն կառավարման, ինվազիվ օտարածին տեսակների, գենետիկորեն ձևափոխված կենդանի օրգանիզմների ռիսկերի գնահատման, ծովային և ափամերձ կենսաբազմազանության, սինթետիկ կենսաբանության, ինչպես նաև կենսաբազմազանության՝ տարբեր ոլորտներում ինտեգրման հարցերը։
«Առաջիկա չորս տարիները պետք է բնութագրվեն գործողությունների արագացմամբ և մեր քայլերի համապատասխանեցմամբ այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք ենք բերել Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակն ընդունելիս, - նշել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը, - մենք գիտենք, թե ինչ պետք է փոխվի։ Մենք չենք կարող պահպանել բնությունը՝ միաժամանակ շարունակելով ֆինանսավորել դրա ոչնչացումը։ Անհրաժեշտ ռեսուրսները պետք է հասնեն այն երկրներին և համայնքներին, որոնք ունեն դրանց կարիքը։ Կենսաբազմազանության պահպանության խնդիրները պետք է ներառվեն նաև առօրյա տնտեսական որոշումների կայացման գործընթացում։ Ի վերջո, իրական արդյունքը կգնահատվի ոչ թե նրանով, թե ինչի շուրջ են կառավարությունները համաձայնության եկել Երևանում, այլ նրանով, թե ինչ կփոխեն իրենց երկրներ վերադառնալուց հետո»։
Ֆինանսավորման բացերը, բնությանը վնաս հասցնող խթանները, տեխնոլոգիաների, տվյալների և գիտելիքի սահմանափակ հասանելիությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի և հասարակության տարբեր հատվածների ոչ բավարար ներգրավվածությունը շարունակում են մնալ իրականացման ճանապարհին առկա հիմնական խոչընդոտները։ Համաժողովի ընթացքում ընդունվեցին որոշումներ, ստանձնվեցին պարտավորություններ և նախաձեռնվեցին միջոցառումներ՝ այդ խոչընդոտները հաղթահարելու նպատակով։ Դրանց թվում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց կենսաբազմազանության վերաբերյալ կրթության զարգացմանը։
Բուռն բանակցությունների արդյունքում ձեռք բերված կարևոր համաձայնություններից էր Կողմերի համաձայնությունը՝ Հոդված 8(j)-ի վերաբերյալ նոր մշտական օժանդակ մարմնի գործունեության կանոնների շուրջ։ Այդ մարմինը պաշտոնապես անվանվեց «Սևանի ուղեցույց» (Sevan Guidelines)։ Սա նշանակալի քայլ է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների դերի ամրապնդման ուղղությամբ՝ կենսաբազմազանության ոլորտում գլոբալ քաղաքականության և գործողությունների ձևավորման գործընթացում։
Համաժողովի ընթացքում հայտարարված ֆինանսական աջակցության նոր միջոցների և նախաձեռնությունների թվում էր կենսաբազմազանության պահպանության համար շուրջ 2 միլիարդ ԱՄՆ դոլարի նոր ֆինանսավորման ներգրավումը։ Այդ գումարը ներառում է՝
- 560 միլիոն ԱՄՆ դոլար՝ Շրջակա միջավայրի գլոբալ հիմնադրամի (GEF) իններորդ համալրման և դրա՝ Կենսաբազմազանության համաշխարհային շրջանակի հիմնադրամի միջոցով։
- 500 միլիոն ԱՄՆ դոլար՝ Տեսակների վերականգնման դաշինքի (Species Recovery Alliance) միջոցով։
- Ավելի քան 330 միլիոն ԱՄՆ դոլար՝ «Արժևորել բնությունը» հիմնադրամի (Value Nature Fund) միջոցով, որի նպատակն է մասնավոր կապիտալը ուղղել բնության պահպանությանն ու վերականգնմանը։
Այլ նախաձեռնությունների թվում էին՝ նախագահության գլխավորությամբ իրականացվող՝ բնությանը վնաս հասցնող խթանների բարեփոխմանն ուղղված աշխատանքները, Ասիական զարգացման բանկի նախաձեռնությամբ գործարկված կենսաբազմազանության պահպանության նոր պարտատոմսը և ներդրումային ինկուբատորը, բնապահպանական օրենսդրության կիրարկումն ուժեղացնելու նպատակով անտառների վերաբերյալ շրջանակային օրենքի առաջարկվող մոդելը, ինչպես նաև բնության վիճակի գնահատման նոր ցուցանիշներն ու չափորոշիչները, որոնք կոչված են բարելավելու կենսաբազմազանության մշտադիտարկումն ու հաշվետվողականությունը։
«Աշխարհն արդեն համաձայնեցրել է բնության պահպանությանն ուղղված գլոբալ գործողությունների ծրագիրը, - նշել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը, - կողմերի այս համաժողովի հիմնական նպատակը Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացումն արագացնելն էր և սահմանված թիրախները վճռական, իրական և շոշափելի գործողությունների վերածելը։
Երևանում մենք ևս մեկ անգամ ականատես եղանք, թե ինչպես է հաղթանակում բնապահպանական բազմակողմ համագործակցությունը։ Երկրները համախմբվեցին, փոխզիջման ոգով գտան ընդհանուր եզրեր և հնարավորություն տվեցին համաձայնության գալու կարևոր որոշումների շուրջ, որոնք կնպաստեն մարդկանց և մոլորակի համար իրական առաջընթացի ապահովմանը»։
Աշխարհի կենսաբազմազանության պահպանության 23 գլոբալ թիրախներին հասնելու համար մնացել է չորս տարի, և այժմ ուշադրության կենտրոնում են Երևանում ընդունված որոշումների իրականացումն ու ստանձնած հանձնառությունների կատարումը։
«Երևանյան ուղին» կուղղորդի մինչև 2030 թվականն ազգային մակարդակով իրականացվելիք ջանքերը։ Առաջընթացը կգնահատվի քաղաքականությունների փոփոխությունների, անհրաժեշտ ռեսուրսների տրամադրման, ինչպես նաև բնության և մարդկանց համար ապահովված չափելի դրական արդյունքների հիման վրա»:
Նոյեմբեր 03, 2026 at 11:52
