Բնապահպանության 2027 թ. բյուջեն կրճատվում է 2,5 միլիարդ դրամով. ծախսերի մեծ մասը՝ Էկոպարեկային ծառայությանը

Բնապահպանության 2027 թ. բյուջեն կրճատվում է 2,5 միլիարդ դրամով. ծախսերի մեծ մասը՝ Էկոպարեկային ծառայությանը

2027 թվականին Շրջակա միջավայրի պահպանությանը պետությունը կհատկացնի 13 միլիարդ 138 միլիոն դրամ: Այս մասին նոյեմբերի 9-ին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 

Գումարն ուղղվելու է 6 բնապահպանական ծրագրի և 24 միջոցառման իրականացմանը։ 2027 թ. հատկացումներով Շրջակա միջավայրի նախարարությունը կտնօրինի 2026 թ. բյուջեի պլանային ցուցանիշից 2 մլրդ 561 մլն դրամով պակաս գումար:

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի բացատրությամբ՝ կրճատումը պայմանավորված է 2026 թ. հոկտեմբերի 19-30-ը Երևանում անցկացված ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) կազմակերպչական աշխատանքների և միջազգային դրամաշնորհային ծրագրերի ավարտով։

 

Անտառների կառավարմանը՝ 7,1 միլիարդ, որից 5,6 միլիարդ՝ Էկոպարեկային ծառայությանը

Շրջակա միջավայրի նախարարության 2027 թ. բյուջեի ավելի քան կեսը՝ 7,1 միլիարդ դրամ (մոտ 54%), ուղղվելու է «Անտառների կառավարում» ծրագրին։ 

Դրանից 5,6 միլիարդը, այսինքն՝ մոտ 79%-ը, տրամադրվելու է 2023 թ. «Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենքով ստեղծված նոր կառույցի գործունեության ապահովմանը: 2024 թ. հունվարի 1-ից գործող Էկոպարեկային ծառայությունը նախատեսված է՝ հսկելու անտառները և հատուկ պահպանվող տարածքները՝ կանխելով ապօրինի անտառահատումները, որսն ու հրդեհները։

2026 թ. բյուջեում այս ծառայության համար նախատեսվել էր 5,7 միլիարդ դրամ, ուստի 2027-ի 5,6 միլիարդը գրեթե նույն մակարդակի վրա է պահում վերահսկող ապարատի ֆինանսավորումը։ 2027 թ․ կշարունակվեն ծառայության համալրումն ու տեխնիկական վերազինումը։

Մինչդեռ բուն անտառապատման ծավալները համեստ են. 2027 թվականին նախատեսվում է 65 հեկտար անտառապատում և անտառվերականգնում, ինչպես նաև՝ նախորդ տարիներին հիմնված ավելի քան 995 հեկտար անտառի խնամք։

Սա նշանակում է, որ անտառային կառավարման բյուջեի գերակշիռ մասը գնում է ո՛չ թե անտառների ընդլայնմանը, այլ պահպանության և վերահսկողության ապարատի ծախսերին։

 

Սևան, մշտադիտարկում, գիտություն

Սևանա լճի էկոհամակարգի պահպանությունը և ձկնային պաշարների վերականգնումը նախարարը նշել է որպես հատուկ ուշադրության ոլորտ։ 2027թ․ լիճ բաց կթողնվի 1,2 միլիոն հատ մանրաձուկ։ Կշարունակվեն նաև բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը, շրջակա միջավայրի մշտադիտարկումը և գիտական ուսումնասիրությունները։

 

Սուբվենցիաներ ազդակիր համայնքներին

Նախատեսվում է շուրջ 494,7 միլին դրամ սուբվենցիա տրամադրել 10 ազդակիր համայնքի։ Գումարն ուղղվելու է կանաչապատմանը, վերականգնվող էներգիայի և ջրախնայող համակարգերի ներդրմանը, ինչպես նաև՝ առողջապահական միջոցառումներին։

2026 թ. բյուջեում ազդակիր համայնքների համար նախատեսվել էր 686 մլն դրամ՝ 17 համայնքի համար, այսինքն՝ 2027-ին և՛ համայնքների թիվն է նվազել, և՛ ընդհանուր գումարը։

Նախարարը հայտարարել է, որ գլխավոր խնդիրը միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումն է՝ յուրաքանչյուր ծրագիր «շոշափելի արդյունքի» վերածելու համար։ Սակայն 2027 թ. բյուջեի կառուցվածքը ցույց է տալիս, որ անտառային ոլորտում առաջնահերթությունը մնում է վերահսկող ապարատինը, ազդակիր համայնքներին հատկացումները նվազում են։

Նոյեմբեր 10, 2026 at 12:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր