

«Արմենպրես»
ՀՀ բնապահպանության նախարարությանը 2006-07թթ. պետբյուջեից հատկացված միջոցների օգտագործման ու մուտքերի ապահովման, ինչպես նաեւ պետական սեփականության կառավարման եւ օգտագործման նկատմամբ ՀՀ վերահսկիչ պալատի (ՎՊ) կողմից իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են շուրջ 226 մլն դրամի խախատումներ: Այս մասին այսօր ՎՊ խորհրդի նիստին հաջորդած ասուլիսում ասաց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը` մանրամասնելով, որ խախտումների մեծ մասը վերաբերում են անարդյունավետ ծախսերին:
ՎՊ նախագահը մասնավորապես նշեց, որ 31,7 մլն դրամ է հատկացվել Ծաղկաձորի համար` ժամանակակից հիդրօդերեւութաբանական սարաքավորումներ ձեռք բերելու նպատակով, սակայն պարզվել է, որ դրանք տեղադրելու համար դեռեւս շենք չկա: Մեկ այլ դեպքում նախարարության կողմից ձեռք է բերվել հիդրոլոգիական նավ, որը մաքսային ձեւակերպմամբ արժեցել է 79մլն 931 հազ. դրամ, սակայն պետբյուջեից նույն այդ նավի համար պայմանագրով տրվել է 153 մլն դրամ` գրեթե կրկնակի ավելի: Արձանագրվել են շուրջ 63 մլն դրամի տարբեր բնույթի խախատումներ, որոնք պետք է վերականգնվեն պետբյուջե:
Բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել 2006-08թթ. «Սեւան» ազգային պարկի հողերի օգտագործման, վարձավճարների գանձման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքում: Ի. Զաքարյանը նշեց, որ ամբողջ պարկում ընդհանուր հողօգտագործողների թիվը 904 է, որոնք տարբեր տարիների ընթացքում ստացել են հողօգտագործման իրավունք: 904-ից 492-ը դեռեւս որեւէ աշխատանք չեն կատարել, մնացած 412-ը տարբեր բնույթի աշխատանքներ են իրականացրել, ընդ որում` դրանցից 227-ը այդ աշխատանքները կատարել են 1908 մ նիշից ցածր հատվածում, ինչը կառավարության որոշումների խախատում է (արգելվում է 1908մ նիշից ցածր աշխատանքներ իրականցնել): ՎՊ նախագահի տվյալներով` ընդհանուր առմամբ, վերոնշյալ 412-ից օրինական գործունեություն է արձանագրվել միայն մոտ 25 դեպքում:
ՎՊ նախագահը հայտնեց, որ խնդիրը ներկայացվել է ՀՀ վարչապետին, քննարկումներ են եղել կառավարությունում: Նա նաեւ նշեց, որ բազմաթիվ են խախատումները հողերի վարձակալության գործընթացում, եւ պատճառներից մեկը համարեց պարկի` «մի քանի տեր» ունենալու հանգամանքը, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին տարբեր հողահատկացումներ է կատարել տարբեր պայմաններով: Նա ողջունեց կառվարարության որոշումը, ըստ որի ազգային պարկի հետ կապված գործարքների պատասխանատվությունն այսուհետ ստանձնելու է կառավարությունը:
Ներկայացվեցին նաեւ մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում կատարված վերահսկողության արդյունքները, որոնք վերաբերում են համայնքում 2006-07թթ. կատարված աշխատանքերին: Նշվեց, որ արձանագրվել են 91 մլն դրամի չափով տարբեր բնույթի խախատումներ, որից 43.6 մլն դրամը սխալ հաշվարկված գումար է եղել եւ կգանձվի պետբյուջե: Հայտնաբերվել է նաեւ 11,5 մլն դրամի ուղղակի յուրացման դեպք. «Կանաչապատում եւ բարեկարգում» ՍՊԸ-ի կողմից օգոստոսին աշխատողներն ազատվել են աշխատանքից, սակայն նոյեմբեր- դեկտեմբերին նրանց անունով գումար է դուրս գրվել, այն եւս պետք է վերականգնվի բյուջե: Արձանագրվել է նաեւ մոտ 31մլն դրամի խախտում` կապված ոչ բնակելի շինությունների` կադաստրային արժեքից շատ ցածր գնով վաճառքի հետ:
Խախտումներ են հայտնաբերվել նաեւ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող` Բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման ծրագրում` մոտ 13, 5 մլն դրամի չափով, ինչպես նաեւ Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության հիմնադրամի եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականցվող` Արտադրական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրում. մասնավորապես նշվեց, որ շուրջ 90 մլն դրամ պետք է գանձվի պետբյուջե, քանի որ շատ դեպքերում, եթե վարկային ծրագրերը ազատվում են ԱԱՀ-ից, այս դեպքում այն ազատված չի եղել:
ՎՊ նախագահն անդրադարձավ նաեւ ՀԲ աջակցությամբ իրականցվող եւս երկու` Գյուղական ձեռնարկությունների եւ փոքրածավալ առեւտրային գյուղատնտեսության զարգացման եւ Պատվարների անվտանգության երկրորդ ծրագրերին, որոնք սակայն շարունակվում են եւ կամփոփվեն ավարտից հետո:
Նա տեղեկացրեց, որ 2008թ. ծրագիրը վերահսկողության առումով դեկտեմբերի 20-ին ավարտել են, եւ բոլոր թեմաների շուրջ ունեն ամփոփ եզրակացություններ, որոնք կներկայացվեն մինչեւ ընթացիկ ամսվա ավարտը: 2009թ. ծրագրի առաջին արդյունքներն էլ ամենայն հավանականությամբ կներկայացվեն ապրիլին:
Ի. Զաքարյանը նաեւ հայտնեց, որ մինչ օրս ՎՊ կողմից ութը գործ է ուղարկվել դատախազություն, մեկ գործի` մանկատան երախաների խնամակալական ծրագրի փաստով «Սոկոլ» գրուպի նկատմամբ նախօրոք հարուցված գործ է եղել անցյալ տարվա ապրիլից, եւ ՎՊ-ն ուղարկել է նաեւ իր լրացուցիչ նյութերը: «Մնացած նյութերն ուղարկվել են դեկտեմբերին, դրանք ուսումնասիրվում են, եւ դատախազությունը ստանում է լրացուցիչ տեղեկություններ ՎՊ վարչություններից: Մեկ դեպքի հետ կապված արդեն պաշտոնապես նամակ ստացել եմ քրեական գործի հարուցման մասին` կապված Էջմիածին ջրշինի հետ, եւ, կարծում եմ, մինչեւ հունվարի վերջ կամ փետրվարի սկիզբ կստանանք տեղեկատվություն, թե որ նյութերի հետ կապված ինչ գործեր են հարուցվել»,-ասաց ՎՊ նախագահը:
Հունվար 15, 2009
