

Panorama.am
Նոյեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցավ Սևան-Հրազդանյան կասկադի` Սևան ՀԷԿ-ի վերակառուցված ձկնապաշտպան կառույցի բացման արարողությունը, որին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության վարչության նախագահ Բորիս Կովալչուկը:
Սևան ՀԷԿ-ի ձկնապաշտպան կառույցը վերակառուցելու անհրաժեշտությունն առաջացել էր այն պատճառով, որ այս տարվա ապրիլին Սևանա լճի ոչ հաշվարկային բարձրացման հետ կապված ստեղծվել էր վթարային իրավիճակ, որը կարող էր բերել Սևան ՀԷԿ-ի պատվարի ողողմանը: Իսկ պատվարի փլուզումը կառաջացներ Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի համակարգի աշխատանքային ռեժիմի խաթարում, ոռոգման ջրի բաց թողնման անհնարինություն և էկոլոգիական իրավիճակի վատթարացում:
Բ.Կովալչուկը հայտնեց, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով այս տարվա ապրիլին ստեղծվել էր արտակարգ իրավիճակ, որը կարող էր պատվարի փլուզման պատճառ դառնալ, իսկ դա լուրջ հետևանքներ կունենար: «Ուստի Հայաստանի կառավարության և Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ի շնորհիվ հնարավոր եղավ կարճ ժամանակամիջոցում վերակառուցման աշխատանքներ իրականացնել»,- ասաց նա:
Ա.Գևորգյանի խոսքերով, սա Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի և այն հանդիսանում է նոր ծրագրի մեկնարկը: <Սա մեզ համար կենսական նշանակություն ունի, քանի որ Արարատյան դաշտավայրի ոռոգման համար ջուր վերցվում է Սևանա լճից, ուստի այս համակարգը պետք է գտնվի աշխատանքային վիճակում»,- նշեց Ա.Գևորգյանը:
Շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա մայիսից: Որպես կապալառու ներգրավվել է «Արփա-Սևան» ԲԲԸ-ն: Պատվարի հողային աշխտանքների ծավալը կազմել է մոտ 18 հազ. խմ, բետոնային աշխատանքներինը` 700 խմ, շինարարության փաստացի արժեք` 459,8 մլն դրամ:
Նշենք, որ Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի կասկադի գույքային համալիրի հիման վրա 2003թ. «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ի կողմից Հայաստանում գրանցվել է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն, որն իր մեջ ներառում է 7 հիդրոէլեկտրակայաններ և տարեկան արտադրում է 450-ից 600 կՎտ ժամ էլեկտրաէներգիա, որը կազմում է Հայաստանում արտադրվող ողջ էլեկտրաէներգիայի 10 տոկոսը:
ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՈՌՈԳՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ
ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Գեղարքունիքի մարզում ծանոթացավ ոռոգման համակարգի ենթակառուցվածքների վերկանգնման ընթացքին: Փոխվարչապետը մարզպետ Ն. Պողոսյանի, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանի ուղեկցությամբ նախ ծանոթացավ Մարտունու եւ Զոլաքարի պոմպակայանների վերազինման եւ վերականգնման աշխատանքներին:
Պոմպակայանների վերականգնումն իրականացվում է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի «Ենթակառուցվածքներ» բաղադրիչի շրջանակում: Աշխատանքները մեկնարկել են այս տարի հունիսին եւ նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ 2011թ. հունիսի 1-ը: Փոխվարչապետին ներկայացվեց աշխատանքների ընթացքը, նշվեց, որ դրանք իրականացվում են համաձայն ժամանակացույցի եւ նախանշված ժամկետներում կավարտվեն: Ներկայումս կատարվում են պոմպակայանների շենքերի վերկառուցման աշխատանքները, ձեռք է բերվել նաեւ անհրաժեշտ սարքավորումների մեծ մասը: Ա. Գեւորգյանը մեկ անգամ եւս ընդգծեց աշխատանքների` որակով եւ ժամանակին իրականացումը` նշելով, որ կառավարությունը շարունակելու է ուշադրության տակ պահել ընթացքը:
Փոխվարչապետը եղավ նաեւ Արծվանիստի պոմպակայանում: Ա. Գեւորգյանին ներկայացվեց իրավիճակը, նշվեց, որ Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով պոմպակայանին ջրածածկման վտանգ է սպառնում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում խնդիրը քննարկել շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ:
Աշխատանքային այցի շրջանակում փոխվարչապետը ներկա գտնվեց Սեւան ՀԷԿ-ի վերակառուցված ջրընդունիչ հանգույցի ձկնորսիչ կառույցի պաշտոնական բացման արարողությանը, որին մասնակցում էր նաեւ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության ղեկավար Բ. Կովալչուկը: Կառույցի գործունեությունը վտանգվել էր լճի մակարդակի բարձրացման հետեւանքով: Մայիսից մեկնարկել էին կառույցի ողջ համակարգի պատնեշների բարձրացման աշխատանքները, որոնք ավարտվել են հոկտեմբերին: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 459,8 մլն դրամ: Կառույցի բնականոն գործունեությունը կապահովի «Սեւան-Հրազդան» կասկադի անխափան աշխատանքը:
Այցի ավարտին «Սեւան» ազգային պարկի տնօրեն Ա. Գնդոյանը փոխվարչապետին ներկայացրեց մինչեւ 1900.25մ նիշն ընկած տարածքում գտնվող շենք-շինությունների ապամոնտաժման, ջրածածկ տարածքների եւ ափամերձ անտառային հատվածների մաքրման աշխատանքների ընթացքը:
Նոյեմբեր 24, 2010
