ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐԻ ԱՐՏԵԶՅԱՆ ՀՈՐԵՐԻ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՆՈԹԱՑԱՎ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐԻ ԱՐՏԵԶՅԱՆ ՀՈՐԵՐԻ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն նոյեմբերի 30-ին ծանոթացավ Արարատյան դաշտավայրի արտեզյան հորերի վերազինման աշխատանքներին, որոնք իրականացվում են ՙՀազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան՚-ի ծրագրերի շրջանակում:

Փոխվարչապետը մարզպետ Է. Բարսեղյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի, ՙՀՄՀ-Հայաստան՚ ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանի ուղեկցությամբ եղավ Արարատի մարզի Դաշտավան եւ Սայաթ-Նովա համայնքներում, որտեղ արտեզյան հորերը զինվում են ջրաչափիչ սարքավորումներով եւ փականային համակարգերով: Փոխվարչապետին ներկայացվեց, որ ջրաչափ սարքավորումներն ընտրելիս հաշվի են առնվել Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի որակական հատկանիշները: Նշվեց, որ ջրաչափերի տեղադրումը հնարավորություն է տալիս առավել ճշգրիտ տվյալներ ունենալ օգտագործվող ջրի ծավալների մասին, ինչը կարեւորվում է ջրային պաշարների կառավարման եւ արդյունավետ օգտագործման տեսանկյունից:

Արարատյան դաշտավայրում իրականացվում է 44 արտեզյան հորի վերազինում, վթարային վիճակում գտնվող 5 հոր փակվելու է: Ներկայումս Արարատի եւ Արմավիրի մարզերում արդեն ավարտվել են 24 հորի աշխատանքները: Սայաթ-Նովա համայնքում տեղակայված 5 արտեզյան հորից վերազինվել է 3-ը, մյուս 2-ը նախագծման ընթացքում են: Դաշտավան համայնքում 4 հորից ավարտվել են 3-ի աշխատանքները:

Անդրադառնալով ՙՀՄՀ-Հայաստան՚-ի ոռոգման ենթակառուցվածքների վերկանգնմանն ուղղված ծրագրերին` Ա. Գեւորգյանը կարեւորեց աշխատանքների որակը: Նա հույս հայտնեց, որ դրանք կիրականացվեն պահպանելով ժամանակացույցը եւ կավարտվեն նախանշված ժամկետներում` թույլ տալով ոռոգման նոր շրջանն սկսել նոր հնարավորություններով:

Փոխվարչապետը տեղում շփվեց նաեւ բնակչության հետ, որոնց հիմնականում մտահոգում էր ջրամատակարարման խնդիրը: Խմելու ջրի մատակարարման առումով կարեւորվեց ներքին ցանցերի եւ ջրի որակի բարելավումը: Խնդիրներ են առաջանում նաեւ մշակվող հողատարածքներում անհրաժեշտ քանակի ոռոգման ջրի մատակարարման առումով: Նշվեց, որ նախորդ տարիների համեմատ այժմ խիստ նվազել են օգտագործվող ստորգետնյա ջրի ծավալները, ինչը խնդիրներ է առաջացնում ջրային համակարգի համար` բավարար ջրամատակարարում ապահովելու տեսանկյունից: Փոխվարչապետը մարզպետին եւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց քննարկել բարձրացված հարցերը եւ լուծումներ առաջարկել հատկապես ոռոգման ջրի ապահովման առումով:

Դեկտեմբեր 01, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր