ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՊՈԱԿ-Ի ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՊՈԱԿ-Ի ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ «Սևան» ազգային պարկ -ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ։

Խորհուրդն ի գիտություն ընդունեց ՀՀ բնապահպանության նախարարության հաշվետվութունը` 2010թ. ընթացքում իրականացված անտառմաքրման աշխատանքների վերաբերյալ։ Նշվեց, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ պամանագրեր են կնքվել ցամաքային հատվածում 102 հեկտարի մաքրման համար, որից ներկայումս մաքրվել է 71 հեկտարը։ Ջրում եւ ճահճային հատվածում մաքրվել է 30 հա։ Այդ հատվածում մաքրման աշխատանքներն իրականացվում են «Ուոթերմաստեր կլասիկ III» տիպի բազմաֆունկցիոնալ էքսկավատորի եւ այլ տեխնիկայի միջոցով։ Որոշվեց առաջիկայում ճշգրտել անտառմաքրման այս տարվա ծավալները եւ ամրագրել գալիք տարվա անելիքները։

Խորհուրդը քննարկեց և հավանության աժանացրեց «ՀՀ Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է լճի հիմնախնդիրների լուծմանն աջակցելու նպատակով ստեղծել հիմնադրամ` լրացուցիչ միջոցներ ներգրավելու համար։ Այն սահմանված կարգով կներկայացվի կառավարություն։
Սեւանա լճի մինչեւ 1900.25մ նիշը գտնվող տարածքի 520 միավոր անշարժ գույքի իրավական կարգավիճակը ուսումնասիրելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը ներկայացրեց ուսումնասիրությունների արդյունքները։ Վերոնշյալ 520 շինությունները բաժանվել են չորս խմբի` պետական սեփականություն հանդիսացող կառույցներ, օրինական շինություններ, օրինական տիրապետման տարածքների վրա գտնվող ինքնակամ շինություններ եւ ինքնակամ զբաղեցված տարածքների վրա գտնվող ինքնակամ կառուցված շինություններ։ Ներկայումս 520-ից արդեն ապամոնտաժված է 73-ը։ Խորհուրդը որոշեց դիմել այդ տարածքում կառույցներ ունեցող պետական մարմիններին` սեղմ ժամկետներում դրանց ապամոնտաժման ժամկետների վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու համար։ Աշխատանքային խմբին հանձնարարվեց մեկամսյա ժամկետում լրացուցիչ ուսումնասիրել օրինական շինությունների կարգավիճակի, իրավական հիմքերի հետ կապված հարցերը եւ ներկայացնել առաջարկություն։ Որոշվեց ինքնակամ կառույցների ապամոնտաժման պահանջի մասին գրավոր միջնորդությամբ մինչեւ դեկտեմբերի 20-ը ծանուցել վերջին երկու խմբերի հասցեատերերին։

Խորհուրդը միաժամանակ հորդորում է ինքնակամ կառույցների սեփականատերերին` արդեն սկսել կառույցների ապամոնտաժման աշխատանքները` հաշվի առնելով, որ լճի ամենացածր մակարդակն արձանագրվում է դեկտեմբերին, եւ այս հատվածում ավելի հեշտ կլինի իրականացնել ապամոնտաժման աշխատանքները։

Խորհուրդը նաեւ քննարկեց եւ հավանություն տվեց Սեւանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում` 2010թ. դեկտեմբերի 7-ից մինչեւ 2011թ. հունվարի 15-ն արդյունագործական ձկնորսությունն արգելելու մասին ԲՆ հրամանի եւ այդ ուղղությամբ մի շարք գերատեսչությունների հետ համատեղ միջոցառումներ իրականացնելու ծրագրի նախագծերին։ Որոշվեց դիմել ՀՀ գլխավոր դատախազին, ոստիկանապետին` միջոցառումներին տվյալ կառույցների ներկայացուցիչների ներգրավման համար։ Դեկտեմբերի 4-ին փոխվարչապետը նաեւ խորհրդակցություն կանցկացնի «Սևան» ազգային պարկում` մարզպետի, մարզի իրավապահ մարմինների, համապատասխան համայնքապետերի մասնակցությամբ, որի ընթացքում կքննարկվեն արգելքի ապահովման հետ կապված հարցեր։ Ա. Գեւորգյանը կարեւորեց այդ ժամանակահատվածում միջոցառումների արդյունավետ կազմակերպումը եւ հորդորեց խստագույնս հետեւել ու կանխել ձկնորսության բոլոր փորձերը։

Խորհուրդը որոշեց նաեւ երկու տարով երկարաձգել «Սևան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանի աշխատանքային պայմանագիրը։

Դեկտեմբեր 02, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր