ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՄՆ ՄԶԳ ՋՐԱՅԻՆ ԹԻՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԱՄՆ ՄԶԳ ՋՐԱՅԻՆ ԹԻՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը դեկտեմբերի 6-ին ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ջրային թիմի պատվիրակությանը` Ռիչարդ Վոլքի ղեկավարությամբ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:

Փոխվարչապետին ներկայացվեց, որ հաշվի առնելով ՀՀ կառավարության առաջարկը, թիմը քննարկում է Հայաստանում ջրային ավազանի պլանների կազմմանն օժանդակելու հնարավորությունները: Նման աշխատանքների իրականացումը հնարավորություն կտա ջրային պաշարներն առավել արդյունավետ օգտագործել հիդրոէներգետիկ, ոռոգման եւ այլ նպատակներով: Թիմը եղել է Սյունիքի մարզում, ծանոթացել ջրային պաշարները հիդրոէներգետիկ նպատակներով օգտագործելու խնդրին:

Ընդգծելով ոլորտի կենսական նշանակությունը` փոխվարչապետը կարեւորեց ջրային պաշարների գնահատումը առաջիկա տարիների համար ջրօգտագործման քաղաքականության որոշման տեսանկյունից: Նա առաջնահերթ համարեց Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային պաշարների գնահատման հարցը, քանի որ նկատվում է ջրի պաշարների նվազում, ինչը խնդիրներ կարող է առաջացնել դաշտավայրի բնակավայրերը խմելու եւ ոռոգման ջրով ապահովելու առումով:

Անդրադարձ եղավ նաեւ ջրամատակարարումն ապահովող օպերատոր ընկերությունների սպասարկման տիրույթից դուրս գտնվող համայնքներում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Հյուրերը կարեւոր համարեցին փոխվարչապետի առաջարկությունները` նշելով, որ դրանք կներառվեն թիմի առաջարկների փաթեթում եւ կներկայացվեն վաշինգտոնյան գրասենյակին:

Դեկտեմբեր 07, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր