ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՏԱՐԻՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՏԱՐԻՆ

Տիգրան Ավետիսյան, «Ազատություն» ռադիոկայան

Ըստ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի` նախնական տվյալներով գազի սակագների թանկացման պատճառով բնակչության կողմից սպառվող գազի ծավալները նվազել են մոտ 15-20 տոկոսով:

Իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին գազի սպառման ծավալների վերաբերյալ, նախարար Արմեն Մովսիսյանը ասաց. - «Ունենք նման մոնիտորինգ, իհարկե, գազի թանկացումը ազդում է նաեւ ազգաբնակչության կողմից գազի սպառման ծավալների վրա եւ տարեվերջին պարզ կլինի, թե ինչքան է դրա ազդեցությունը»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ հաջորդ տարի սպասվող գազի սակագների հերթական թանկացման հարցով բանակցությունները շարունակվում են:

«Ձգտում ենք, որ գոնե սակագինը մնա այս տարվա մակարդակին», - ասաց նախարարը:

Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ 2010 թվականի ավարտին երկրի էներգահամակարգում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կկազմի մոտ 6.5 միլիարդ կիլովատ/ժամ, ինչը 15 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ընդ որում, միայն փոքր ՀԷԿ-երի արտադրած էլեկտարաէներգիայի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 38 տոկոսով:

Ներկայացնելով հանքարդյունաբերության ոլորտի հիմնական տարեկան ցուցանիշները` Մովսիսյանը ասաց, որ այս տարի արդյունահանվել է մոտ 18 միլիոն 700 հազար տոննա հանքաքար: Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշն աճել է 16 տոկոսով, իսկ արդյունահանված հանքաքարից արտադրված խտանյութերի ծավալը, այդ թվում` պղիձի, մոլիբդենի, ցինկի, նախորդ տարվա համեմատ աճել է 36 տոկոսով:

«Համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո տեսնում եք, թե հանքարդյունաբերությունը Հայաստանում ինչ թափով է սկսել զարգանալ», - շեշտեց նախարարը:

Մոտ 9 տոկոսով աճել է քիմիական արդյունաբերության ոլորտի արտադրանքի ծավալը: Ի դեպ, խոսելով «Նաիրիտ» քիմիական գործարանի մասին` նախարարը հավաստիացրեց, որ գործարանի աշխատողների աշխատավարձի պարտքերն արդեն մարվել են, եւ «Նաիրիտ»-ը այսպես, թե այնպես պետք է աշխատի»:

Նախարարը խոսեց նաեւ համակարգում իրականացված ծրագրերի մասին, այդ թվում` ապրիլին Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի շահագործման, «Սկադա» համակարգի ներդրման ծրագրի մասին:

Իսկ հաջորդ տարվա հիմնական անելիքների թվում նախարարը առանձնացրեց նոր 1200 մեգավատտ հզորությամբ ատոմակայանի շինարարությունը, Իրան-Հայաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի եւ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագրերը:

Ա. ՄՈՎՍԻՍՅԱՆ. ԸՆԴԵՐՔԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ՈՉ ԲԱՎԱՐԱՐ
Aysor.am


Դեկտեմբերի 21-ին` տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ընդերքի շահագործման վերահսկողությունը գնահատեց ոչ բավարար. «Բավարար չեմ գնահատում այսօրվա վիճակով, հակառակ դեպքում` նման նախաձեռնություններ չէին լինի (խմբ. ՎՊ ստուգումները): Նշանակում է, բավարար չէ»:

ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի կողմից վերջերս Սոթքի ոսկու հանքավայրի շահագործման հետ կապված իրավախախտումների վերաբերյալ Ա. Մովսիսյանը նշեց, որ ստեղծված է աշխատանքային խումբ` արտադրողների և պալատի հետ, որը բոլոր խնդիրները վեր կհանի, ապա դրանք կներկայացվեն հանրությանը:

Անդրադառնալով 2010 թ. ընթացքում Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ձեռքբերումներին, նախարարը նշեց, որ արդյունահանվել է շուրջ 18 մլն 700 հզ. տոննա հանքաքար, ինչը 16 %-ով ավել է, քան նախորդ տարի:

Ա. Մովսիսյանի խոսքով, այս տարվա ընթացքում արդյունահանվել է 116 հզ. 466 տոննա պղնձի խտանյութ, որը 32,6 %-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից, 8993 տոննա մոլիբդենի խտանյութ (2009 թ. համեմատ ավել է 0.2 %-ով), իսկ բազմամետաղային խտանյութի քանակը 2009-ի համեմատ 2010-ին ավել է եղել 198 %-ով և ցինկը` 221 %-ով: Ա. Մովսիսյանի համաձայն` ընդամենը խտանյութի արտադրությունը 2009 թ-ի համեմատ 2010-ին ավել է եղել 36.4 %-ով: Դրամային տեսքով այս տարի արտադրվել է 140 մլրդ դրամի խտանյութ, որը 2009 թ. ցուցանիշը գերազանցում է շուրջ 59 %-ով:

«Համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո տեսնում եք, թե հանքարդյունաբերությունը ինչ թափով է սկսել զարգանալ»,- ընդգծեց Ա. Մովսիսյանը:

ՊՂՆՁԻ ԽՏԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՄԲ ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊՂՆՁԱՁՈՒԼԱՐԱՆ ՀԻՄՆԵԼ
Panorama.am


«Որպեսզի կարողանանք Հայաստանում այնպիսի դաշտ ստեղծել, որ ներդրումներ իրականացվեն վերամշակման հզորությունների ստեղծման ուղղությամբ, ապա առաջին հերթին պետք է մի քանի խնդիրներ լուծել»,- այս մասին այսօրվա ասուլիսում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Ըստ նրա, առաջին հերթին պետք է հանրապետությունում արտադրվող պղնձի խտանյութի քանակը այնպիսի մակարդակի վրա լինի, որը հնարավորություն կտա ամենափոքր պղնձաձուլարանի ներդրման դեպքում գոնե 90-100 տոկոս ծավալ ապահովել: Բացի դրանից, պետք է այնպիսի իրավական-տնտեսական դաշտ ստեղծել, որը ներդրողների համար հրապուրիչ լինի:

Նշենք, որ այս տարվա ընթացքում Հայաստանում արտադրվել է 116 հազար 464 տոննա պղնձի խտանյութ, ինչը նախորդ տարվա արտադրության ծավալը գերազանցում է 32,6 տոկոսով:

«Սա արդեն հնարավորություն է տալիս մտածելու, որ մի քանի տարի հետո պղնձի խտանյութի արտադրությունը հասած կլինի այն մակարդակին, որը թույլ կտա Հայաստանում պղնձաձուլարան ներդնելու»,- նշեց նախարարը:

Դեկտեմբեր 22, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր