ՆԱԽԱԳԱՀԻ ՎԾ-Ն ՔԱՆԴՈՒՄ Է ԲՆ-ՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԾԻԿԸ

ՆԱԽԱԳԱՀԻ ՎԾ-Ն ՔԱՆԴՈՒՄ Է ԲՆ-ՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԾԻԿԸ

Aysor.am

Բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը 2008-2009 թթ. ընթացքում տրված 541 ջրօգտագործման թույլտվություների շուրջ 50 %-ի դեպքում խախտումներ է կատարել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:

Նրա ներկայացմամբ` խմելու ջրօգտագործման թույլտվությունները տրվել են առանց համաճարակային փորձաքննության, ջրաելքերում չկան ջրաչափական սարքեր, Արարատյան արտեզյան ավազանի անխնա շահագործումը` ձկնաբուծական լճակների կառուցմամբ, հանգեցրել է նրան, որ ամբողջ ավազանը գտնվում է էկոլոգիական վատ վիճակում: Մասնավորապես, հորեր կան, որ արդեն ջրազրկվել են և ջուր չեն տալիս: Հ. Հովսեփյանի խոսքով, թեև կառավարությունն արգելանք է դրել, որ 2008 թ-ի օգոստոսից ջրօգտագործման թույլտվություն չտրամադրվի, սակայն դրանից հետո տրամադրվել է 46 թույլտվություն` 71 խորքային հորերի հորատման համար: Հորատանցքերը չունեն ջրի ելքի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր, ջուրը նորմայից 2-2,5 անգամ ավելի են օգտագործել: Հ. Հովսեփյանը փաստեց, որ արձանագրվել են նաև ապօրինի ջրօգտագործման դեպքեր, իսկ վերահսկող կառավարական հանձնաժողովը նույնպես ետ է ընկել ժամանակացույցից:

ԲՆ ենթակա Բնապահպանական պետական տեսչության 2009 թ-ից 2010 թ. առաջին եռամսյակի գործունեության ստուգումների ժամանակ բացահայտվել է, որ բնության հատուկ պահպանվող տարածքների ստուգումների ժամանակ բազմաթիվ խախտումներ չեն արձանագրվել, մասնավորապես` թույլատրվածից ավելի քանակով փայտ հատելու դեպքում պետք է բնօգտագործման վճարը 10 անգամ ավելի վճարվի, սակայն 755 խմ ավելի փայտ է դուրս բերվել, իսկ վճարը չի գանձվել: Ըստ Հ. Հովսեփյանի, գերանները ձևակերպել են որպես վառելափայտ, բացահայտված ապօրինի հատումների վնասը կազմել է 165 մլն դրամ, սակայն դրանից միայն 10 մլն կամ 6,1 % է վերականգնվել: 45 գործեր 56 մլն դրամ ընդհանուր գումարով չեն ուղարկվել իրավապահ մարմիններին, թեև տեսչությունը պարտավոր էր դա անել. անտառապետեր կան, որոնք պետք է ենթարկվեին վարչական պատասխանատվության, սակայն չեն ենթարկվել:

«Այս բոլոր գործերը նախապատրատվում են դատախազություն ուղարկելու համար»,- հայտարարեց ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը` նկատելով, որ 2009-2010 թթ-ին անտառօգտագործման ոլորտում հայտնաբերված 465 խախտումներից տեսչությունը հայտնաբերել է ընդամենը 46-ը:

Դեկտեմբեր 27, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր