ՀԲ. ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՐԿՈՒՄԸ ԿՈՒԺԵՂԱՑՎԻ

ՀԲ. ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՐԿՈՒՄԸ ԿՈՒԺԵՂԱՑՎԻ

Aysor.am

«Հանքարդյունահանման ոլորտը հեշտ հասանելի պտուղներ է պարունակում: Այն տնտեսության դիվերսիֆիկացման կարևոր և մեծ աղբյուր է, արտահանումից ձևավորված եկամուտների կարևոր աղբյուր է, նաև լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման հնարավորություն և հարկաբյուջետային եկամուտներ է ապահովում»,- հունվարի 12-ին ասուլիսում հայտարարեց Համաշխարհային բանկի (ՀԲ) երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Ժան Միշել Հապին:

Սակայն, ըստ նրա, Հայաստանում գործող ստանդարտները որոշակի մարտահրավերներ էին առաջացնում «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի նախագծի ԱԺ ներկայացված նախկին տարբերակի համար` կապված շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական հաշվետվողականության, նաև ֆիսկալ և հարկային հարկման ռեժիմի հետ: Դրանք այն կարևորագույն խնդիրներն են, որոնք հաշվի են առնվում ներդրողների կողմից: Ժ. Մ. Հապին հայտնեց, որ նախագծի բարեփոխումների գործընթացը շարունակվում է և ՀՀ կառավարության այս ջանքերին օժանդակում է ՀԲ-ը:

ՀԲ երևանյան գրասենյակի տնտեսագետ Գոհար Գյուլումյանը պարզաբանեց, որ ԱԺ օգոստոս-սեպտեմբերին ներկայացված նախագծի առաջին տարբերակը բավականին լուրջ բացթողումներ ուներ, մասնավորապես` հարկման ռեժիմների հետ կապված: Միջազգային փորձագետները կարծում էին, որ այս ոլորտը Հայաստանում բավարար հարկային եկամուտներ չէր ապահովում պետությանը և անհրաժեշտություն կար հարկային բեռը խստացնել:

«Այդ մասն ուժեղացվել է: Պետք է ակնկալենք, որ ապագայում ոլորտից ստացվող եկամուտները, հատկապես երբ գները միջազգային շուկայում բարձրանում են, պետք է համարժեք ֆիսկալ մուտքեր ապահովեն բյուջեի համար»,- նշեց տնտեսագետը:

Գ. Գյուլումյանի համաձայն` երկրորդ խումբ խնդիրները վերաբերում են լիցենզավորման ռեժիմի պարզեցմանը և հստակեցմանը. «Այս ոլորտը պետք է ավելի գրավիչ դարձնել միջազգային ներդրողների համար, որոնք նոր տեխնոլոգիաներ կբերեն, իսկ շրջակա միջավայրի պահպանման և սոցիալական խնդիրների լուծման հետ կապված պահանջներն ավելի բարձր կլինեն»:

Նշենք, որ «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի նախագծի բարելավված տարբերակն ԱԺ է ներկայացվել 2010 թ. նոյեմբերի կեսերին և ներկայումս քննարկվում է մշտական հանձնաժողովներում:

Հունվար 13, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր